Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/346

Այս էջը սրբագրված է

Ուր ասես, չէր եղել, ինչ տառապանք ասես, չէր տեսել։ Սարսափով էր հիշում գերության մեջ անցկացրած օրերը։

ԱՐՏԱՎԱՏԴ ՍԵԴՐԱԿԻ ԿՈՍՏԱՆՅԱՆ

Երեք եղբայրներ էին՝ Գարեգինը, Աղվանը և Արտավազդը: Վերջինս միջնակարգ կրթությունն ստանալուց հետո, 1940թ. զորակոչվում է բանակ և ծառայում Ուկրաինայի Լվով քաղաքում, որտեղից կանոնավոր նամակներ է առաքում հարազատներին։ 1941թ. հունիսին թշնամու առաջին հարվածներն ընդունեց սահմանի մոտ գտնվող այն զորամասը, որի շարքերում էր Արտավազդը։ Այստեղից էլ Արտավազդն ուղարկում է իր վերջին նամակը. «Հարգելի հարազատներ, դուք էլ գիտեք, որ ֆաշիստական բանդաները կռվում են մեր հողի վրա։ Մենք համառ դիմադրություն ենք ցույց տալիս ու համոզված ենք, որ վերջիվերջո կհաղթենք»։ Սակայն Արտավադին բախտ չէր վիճակված տեսնելու հաղթանակը։ Նա իր երիտասարդ կյանքը պարգևեց հայրենիքին ու իր հետնորդնրին։

ՎԵՔԻԼ ԽԱՉԱՏՈՒՐԻ ԿՈՍՏԱՆՅԱՆ

Պատանի տարիներից աշխատում էր կոլտնտեսությունում։ Գործունյա, առողջ և ֆիզիկական մեծ ուժի տեր մարդ էր, նաև բարի ու բարեկամասեր։ Ամուսնացել էր և երկու երեխա ուներ։ Ռազմաճակատ մեկնեց 1941-ին։ Պատերազմից հետո միայն իմացվեց, որ Վեքիլը գերի է ընկել, տեսել է գերության դառնություններն ու այնտեղ էլ իր մպհկանացուն կնքել։

ԼԱԼԻՍ է ՄԱՅՐԸ, ԼԱԼԻՍ ԵՆ ԶԱՎԱԿՆԵՐԸ...

Հինգ երեխա ուներ Նիկոլայ Կոստանյանը։ Ավագը Ավետիքն էր։ Կոլտնտեսությունում կատարում էր ամեն աշխատանք՝ մաճկալ, հնձվոր, անասնապահ, սայլապան, կալվոր և էլի ինչ կամենաք։ Օգնում էր ծնողներին։ Նրանք տարեկան վաստակում էին մոտ հազար աշխօր, բայց մատնվում էին քաղցի, որովհետև կոլտնտեսության բերքի առյուծի բաժինը ուղղակի կալից հանձնվում էր պետությանը։ 1942-ին 18-ամյա Ավետիքը զորակոչվեց։ Կարճ ժամանակ անց համարվում էր հմուտ նշանառու։ Ընտանիքի չորս անդամներին կերակրելու հոգսը ընկավ մոր՝ Աշխենի վրա։ Մեկնեց Տավուշի շրջանի Պառավաքար գյուղ, քրոջ մոտ։ 1943-ին նրան հասավ Ավետիքի անհայտ կորչելու լուրը։