Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/354

Այս էջը սրբագրված է

Մոտիկում քողարկված երկու տասնյակից ավելի ֆաշիստներ անակնկալ կրակ են բացում գրոհողների վրա։ Սեդրակը, որ մոտ էր նրանց, նռնակով, ապա ավտոմատի կրակահերթով ոչնչացնում է ութ ֆաշիստի։ Երեքը վիրավորվում են, մյուսները հանձնվում։ Կատարած սխրագործությունների համար ներկայացվում է կառավարական պարգևի։ Չհասցրեց ստանալ։ Զոհվեց 1944-ի մայիսի 11-ին։ Նրա դին ամփոփեցին «Բոլշևիկ» կոլտնտեսության գերեզմանոցում։ Գյուղում հարազատ ձայները դեռ կանչում են՝ ո՞ւր ես, արի տուն...

ԻՆՉԵ՜Ր ՉԵՆ ԱՆԻ ԴԴՍԱՇԵՆՑԻՆԵՐԸ

Նրան մոր անունով կանչում էին Սառանի Շավարշ։ Կարգապահ պատանի էր։ Հրաշալի երգում էր։ Երբ գովում էին, կատակով պատասխանում էր.

— Բա... ինչեր չեն անի դդմաշենցիները:

Գյուղական ակումբին կից թատրոնում խաղաց Գիքոր։ Մայրը դահլիճում նստած լսում էր.

— Վա՜յ... աման, իմ բալեն...

Բեմից մորը հասկացրեց, որ չի կարելի խոսել։ Երբ սկսվեց պատերազմը, կռվում էր 89-րդ Հայկական դիվիզիայի 531 հրետանային գնդում որպես կապավոր։

Մի անգամ, մարտական առաջադրանքը կատարելուց հետո, վաշտի ռուս հրամանատարը ձեռքը դրեց նրա ուսին և ասաց.

— Ինչեր չեն անի դդմաշենցիները:

Շավարշը շփոթվեց.

— Իսկ որտեղի՞ց գիտես դդմաշենցիների մասին։

— Քո քարտում գրված է, որ դդմաշենցի ես, իսկ կատարած գործդ ասում է, որ քեզ նման քաջ տղաներ Դդմաշենն էլի կունենա...

— Ունի... Մի քանի հարյուրը...

— Ահա տեսնում ես— եզրափակեց վաշտի հրամանատարը։ Դիվիզիան Թերեքի երկայնքով պաշտպանական մարտեր էր մղում։ Հրամանատարական կետերի միջև հեռախոսային կապ ստեղծելու համար Շավարշը պարգևատրվեց Արիության համար մեդալով։

Թշնամին շարունակ մեծացնում էր ճնշումը մեր զորքերի վրա։ Մերոնք մեկ թիզ հողը պաշտպանում էին վիթխարի զոհերի գնով։ Այդ պաշտպանական մարտերում էլ ընկավ կապավոր Շավարշը, 1942թ. գարնանը։