Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/356

Այս էջը սրբագրված է

Մեկ տարի հետո, 1944թ. հայտնվեց անհայտ կորածների ցուցակում։ Մարգարի տղաները՝ Գուրգենը, Սերյոժան, հիմա պապիկներ են։

ԱՂՎԱՆ ՄԱՐԳԱՐԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

17 տարեկան հասակում ավարտեց գյուղի յոթնամյա դպրոցը, ընդունվեց Երևանի մանկավարժական ուսումնարան։ Բարձր առաջադիմությամբ 1940-ին ավարտեց ու զորակոչվեց բանակ։

Ծառայում էր Կամենսկ-Պոդոլսկում: Այնտեղ էր տեղավորված այն հեծյալ զորամասը, որի հեծելազորային առանձին հետախուզական վաշտի հետախույզներից մեկը դարձավ նա։ Մարտական առաջադրանք կատարելիս, 1941-ի սեպտեմբերին, ծանր վիրավորվում է։ Այդ բովանդակությամբ նամակը Աղվանի մասին վերջին տեղեկությունը եղավ ռազմաճակատից:

ՖՌԱՆԿԵՆՑ ՍԻՐԱԿԱՆԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

Տունը միանգամից դատարկվեց։ Սիրականի չորս որդիները՝ Անդրանիկը, Ասպետը, Հայրապետը, Ժորան մեկնեցին ռազմաճակատ։ Զորակոչվածները հավաքվել էին Սևանի դպրոցի բակում, որն այն տարիներին հավաքակայական էր։ Եղբայրները կանգնած էին կողքի-կողքի։ Զինկոմը կարդում էր ազգանուններն ու ցուցումներ տալիս, թե ով որտեղ է ծառայելու։ Չորս եղբայր ուղարկվեցին չորս տարբեր ուղղություններով։ Անդրանիկը տեսավ գերության սարսափները, տուն վերադարձավ մի աչքից զրկված։

Ասպետը մի քանի անգամ վիրավորվեց ու վերադարձավ որպես երկրորդ կարգի հաշմանդամ։

Հայրապետը կռվեց ՈՒկրաինայում։ Տուն վերադարձավ առանց ձախ ոտքի։

ժորան եղբայրներից միակն էր, որ կամավոր մեկնեց։ Մասնակցեց Հյուսիսային Կովկասի համար մղված կատաղի գոյամարտերին։ Անհայտ կորավ 1943-ի հուլիսին, 19 տարեկան հասակում։