Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/359

Այս էջը սրբագրված է

ԽԱՉԻԿ ԹԱԴԵՎՈՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երևանի քիմիական տեխնիկումն ավարտելուց հետո աշխատում էր կաուչուկի գործարանում։ Սկսվեց երկրորդ աշխարհամարտը։ Զորակոչվեց բանակ։ 89–րդ հրաձգային դիվիզիայի կազմում մեկնեց ռազմաճակատ։ Մասնակցեց Մալգոբեկի, Մոզդոկի թե պաշտպանությանը, թե ազատագրմանը։

Նովոռոսիյսկ քաղաքի ազատագրման օրերին Խաչիկը գրում է. «Թանկագին ծնողներ, ստացա ձեր ուղարկած նամակը, կարդացի, շատ հուզվեցի։ Մեր գործն էլ հեշտ չէ։ Ոտքով գիշեր-ցերեկ գյուղեր, քաղաքներ ազատագրելով առաջ ենք շարժվում։ Ոչնչացնում ենք գազաններին ու իրենց եկած ճամփով առաջ գնում։

Համբուրում եմ բոլորիդ։ Ձեր Խաչիկ»։

Թաման քաղաքի ազատագրման համար մղված մարտերից մեկում, 1943թ. սեպտեմբերին, քսան տարեկան հասակում զոհվում է։

ԳԱՌՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Քաղցրաշենում լավ այգի հիմնեց։ Կոլտնտեսությունում այգեգործական բրիգադի բրիգադավար էր։

Ռազմաճակատ մեկնեց 1943 թվականի փետրվարին։

Հասցրեց գեթ մի նամակ ուղարկել։ Նրա խեղճ այրին մահացավ, անհայտ կորած ամուսնու փաստաթուղթը գլխատակին։

ԳԱՐՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ավագը ինը տարեկան էր, փոքրը՝ երկու, երբ մահացավ նրանց հայրը։ Չորս եղբայր՝ Գարուշը, Գագիկը, Անդրանիկը, Սիմոնը որբացան։ Նրանց մայրն ամուսնացավ Կոտայքի շրջանի Գամրեզ (Կամարիս) գյուղի մի բարեգութ գյուղացու հետ։ Անցան տարիներ։ Սկսվեց պատերազմը։

1941թ. դեկտեմբերին համագյուղացի իր հասակակից ընկերների հետ, Գարուշը մտավ Կոտայքի շրջանի զինվորական կոմիսարիատ և ցանկություն հայտնեց կամավոր մեկնել ռազմաճակատ։ Ընդառաջեցին։