Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/364

Այս էջը սրբագրված է

Ռուբենը չվերադարձավ։ Զոհվեց Ղրիմի համար մղված մարտերում՝ 1944 թվականի փետրվարին, 47 տարեկան հասակում։

Որդին՝ Սերյոժան, որ զորակոչվել էր 1944թ. դեկտեմբերի 3-ին, ծառայում էր Վրաստանի Գորի քաղաքում։ Սովորեց նշանառուների դասընթացներում։ Ուկրաինական ռազմաճակատի 50-րդ գվարդիական գնդի երկրորդ գումարտակի կազմում մասնակցեց Բեռլինի գրավմանը և շքանշաններով ու մեդալներով 1950-ին վերադարձավ հայրենի գյուղ։

ԱՂՎԱՆ ՋԻՎԱՆԻ ՂԱԶԱՐՅԱՆ

Ծնողազուրկ, որբ տղա էր Աղվանը։ Ապրում էր հորեղբոր՝ Դավիթ Ղազարյանի տանը։ Մեծացավ նրա զավակների հետ և 8-ամյա կրթություն ստացավ։ Հրաշալի երգում էր, մեկ-մեկ էլ բանաստեղծություններ էր գրում։ Ավարտեց Կամո քաղաքի, ապա Երևանի կինոմեխանիկների պատրաստման դասընթացները։ Աշխատանքի նշանակվեց Մեղրիի շրջկենտրոնում։ Կինոցանցի տնօրենն էր։ Մեկ տարի աշխատելուց հետո վերադարձավ գյուղ։ 1940թ. սեպտեմբերին զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության։ 1941-ին մեկնեց ռազմաճակատ, մասնակցեց Վիտեբսկ, Մոգիլև, Սմոլենսկ քաղաքների պաշտպանությանը։ 1941 թվականի օգոստոսին Սմոլենսկ քաղաքի համար մղված կատաղի մարտերից մեկի ժամանակ ծանր վիրավորվեց։ Հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահանում է՝ 20 տարին հազիվ բոլորած։

ՀՈՍՊԻՏԱԼ ՉՀԱՍԱՎ

Ծնվել է 1919 թվականին, գիր ու գրականություն իմացող Դավիթ Ղազարյանի ընտանիքում։ Սովորել է գյուղի, այնուհետև Հրազդանի միջնակարգ դպրոցներում։ Գերազանց գնահատականներով. ավարտելով դպրոցը, ուսուցչություն է անում իր ծննդավայրում։

1939 թվականին զորակոչվում է զինվորական ծառայության։ Ծառայում է Լվովում։ Ուսանում է հրամանատարական դպրոցում։ Ստանում է լեյտենանտի աստիճան և նշանակվում է դասակի հրամանատար։ Երիտասարդ հրամանատարը իր դասակի զինվորների հետ առաջիններից մեկը ընդունեց գերմանացիների հարվածը։ Մարտում ծանր վնասվածք ստացավ, հոսպիտալ չհասավ։

Սևանի զինկոմիսարիատում Իշխան Ղազարյանի անունը նշված է անհայտ կորածների ցուցակում։