Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/367

Այս էջը սրբագրված է

ՕՐԸ ՄԹՆԵՑ... ՈՒ ՉԼՈՒՍԱՑԱՎ

Սարգիս Բալաբեկի Ղամբարյանը զորակոչվեց 1941-ին, երբ 28 տարեկան էր։ 1942-ին մեկնեց ռազմաճակատ։ Ձիասայլով զենք, զինամթերք, սննդամթերք էր տեղափոխում։ 1943 թվականի դեկտեմբերին ստացվեց վերջին նամակը։ Պատերազմից հետո կինը՝ Աչոն, որդու՝ Աղաջանի հետ տեղափոխվեց Արտաշատի շրջանի Այգեզարդ գյուղը։ Որդուն մեծացրեց, ամուսնացրեց։ Աղաջանը անդրանիկ որդուն կոչեց հոր անունով՝ Սարգիս։

ՄԱԹԵՎՈՍ ՍՈՒՔԻԱՍԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

1932 թվականին Մաթևոս Սուքիասի Մաթևոսյանը զորակոչվում է պարտադիր ծառայության։ Զորացրվում է, վերադառնում գյուղ, աշխատում կոլտնտեսությունում։

Պատերազմի ժամանակ ծառայում էր 409-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի 964-րդ հրետանային գնդում։ 1942թ. աշնանը դիվիզիայի հետ փոխադրվում է Հյուսիսային Կովկաս, մարտական գործողություններ սկսում Մոզդոկի մոտակայքում։ Մոզդոկը Մաթևոսի մարտական կենսագրության վերջին էջն էր։

Սևանի շրջանային զինվորական կոմիսարիատում պահվող զոհվածների և անհայտ կորածների ցուցակում արձանագրված է. «Մաթևոս Սուքիասի Մաթևոսյանը անհայտ կորել է 1942 թվականի մայիսին»։ Նրա եղբայրները՝ Արտավազդն ու Երվանդը, ռազմաճակատից բարեհաջող վերադարձան։

ՄՈՒՐԱԴ ՄԱԹԵՎՈՍԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Ծնվել է 1912 թվականին, Արևմտյան Հայաստանում։ Թուրքական կոտորածից փրկվելու համար 1915 թվականին գաղթել է։ 1925 թվականին բնակություն է հաստատել Դդմաշենում։ Աշխատել է հաշվետար, գանձապահ, Սևանի ֆինբաժնում՝ ֆինգործակալ, Սևանի տրիկոտաժի ֆաբրիկայում՝ հաշվապահ։ 1941 թվականի հունիսի վերջերին զորակոչվել է։ Ծառայել է տարբեր զորամասերում։ Վերջին նամակը ստացվեց 1942-ի կեսերին։ Կինը՝ Շաշեն, մի կերպ խնամեց հինգ անչափահաս երեխաներին։ Նրանցից մեկը սովից մահացավ։ Մյուսները բնակվում են գյուղում։