բարձրագույն կրթություն ստանալ։ 1939 թվականի սեպտեմբերին զորակոչվեց բանակ, ծառայեց Արևմտյան Բելոռուսիայի Պոլոցկ քաղաքում։ Գնդի հրամանատարությունը նրան ուղարկեց գնդացրային ուսումնարան։ Լեյտենանտի կոչում ստացավ։ Որպես դասակի հրամանատար մեկնեց պատերազմի դաշտ։ Մասնակցեց Լատվիայի, էստոնիայի տարածքներում մղված պաշտպանական մարտերին։
Անհայտ կորել է Լենինգրադի մոտ տեղի ունեցած ահեղ մարտերից մեկի ժամանակ՝ 1941թ. նոյեմբերին։
ԱՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՄԿՐՏՉՅԱՆ
Արամը ծնվել է Արևմտյան Հայաստանում, 1909-ին։ Ընտանիքը ապաստան է գտել Դդմաշեն գյուղում։ Մինչև խորհրդային իշխանության հաստատումը բատրակ էր։ Հայրը՝ Հովհաննեսը, բուրդ էր գզում ու թաղիք պատրաստում։ Արածը մեր գյուղի հազվագյուտ շնորհալի մարդկանցից էր։ Ակումբի վարիչ եղավ, երիտկոմի քարտուղար։ 1941թ. հունիսի 22-ին մեկնեց ռազմաճակատ։ Մինչև 1944թ. փետրվար-մարտ ամիսները կանոնավոր նամակներ էր ուղարկում։ Ահա մի պատառիկ վերջին նամակից. «Սիրելի Անուշ, համոզված եղիր, որ կռվում եմ սասունցու պես։ Ես կոտորած, ավեր տեսած մարդ եմ, պարտավոր եմ ամեն ինչի դիմանալ։ Վերջերս շքանշան և երկու մեդալ ստացա։ Շատ լավ տիրապետում եմ ինձ հանձնված զենքին։ Էս ա, շուտով մոտենալու ենք սահմանին...»։
Սահմանին, իրոք, մոտեցան, բայց, ավա՜ղ, Արամը մնաց կես ճանապարհին ու չտեսավ հաղթանակը։ 1944 թվականի օգոստոսին լուր ստացվեց, որ անհայտ կորել է։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՆԻԿՈԼԱՅԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
(Ունուգի Նիկոլի տղան)
Սովորել է գյուղի և Սևանի դպրոցներում. 1938 թվականին մեկնել է Երևան և աշխատանքի ընդունվել Կիրովի անվան գործարանում, սկզբում որպես սևագործ բանվոր, ապա՝ էլեկտրիկ։
Գործարանում ծանոթանում է մի ռուս աղջկա հետ, ամուսնանում։ Ռազմաճակատ մեկնեցին չորս եղբայրները, պատերազմից վերադարձան երկուսը։
Հովհաննեսը կարճ ժամանակ սովորում է ռազմական ուսումնարանում։ 1942–1944թթ. ծառայում է Բելոռուսական ռազմաճակատի 28-րդ դիվիզիայի հրետանային գնդում։ Վերջին նամակը Հովհաննեսի կինը