Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/380

Այս էջը սրբագրված է

ԱՐՇԱԿ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Գրի սևն ու սպիտակը ջոկել սովորեց գյուղի քահանա Տեր Սահակի մոտ։ Ծնողազուրկ մեծացավ։ 1926 թվականին մեկնեց Բաքու, աշխատեց նավթահանքերում։ Ամուսնացավ։ Սովորեց ավտովարորդի մասնագիտություն։ 1936 թվականին վերադարձավ գյուղ և դարձավ կոլտնտեսության նոր ստացած ավտոմեքենայի վարորդը։

Սկսվեց պատերազմը։ Շատերի հետ բանակ մեկնեց նաև Արշակ Մնացականյանը։ 1943 թվականին Իրանում գտնվող խորհրդային զորքերի կազմում էր, ԱՄՆ-ից ստացված մեքենաների ավտոշարասյունում։ Նույն թվականին մեկնեց ռազմաճակատ։ Զոհվեց 1944թ. հուլիսին՝ Բելոռուսիայի ազատագրման համար մղված մարտերից մեկում, քառասուն տարեկան հասակում։

ՆԱՀԱՊԵՏ ԳԱԼՈՒՍՏԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հայրենական մեծ պատերազմը խախտեց ընտանիքի անդորրը։ Նահապետն իր հարևանների՝ Գոգոյի, Խաչիկի, Դավթի հետ կանչվեց բանակ։ Ավագ եՂյբայրը՝ Հովսեփը պատմում է. «Եղբորս սիրտը լի էր ջերմությամբ։ Այգի տնկեց, ծառեր աճեցրեց, բայց չհասցրեց պտուղը վայելել։ Նահապետը տարբեր ռազմաճակատներում ահեղ մարտերի մասնակից է եղել։ Վիրավորվել է։ Ապաքինվելուց հետո կրկին մեկնել է ռազմաճակատ։ 1943թ. փետրվարին անհայտ կորել է։

ԳԱՐԵԳԻՆ ՊՈՂՈՍԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Ութ տարեկան էր, երբ զրկվեց ծնողներից։ Ավագ եղբայրը՝ Եգորը, պահեց, մեծացրեց չորս անչափահաս որբերին։

Գարեգինը սիրում էր գիր ու գրականություն։ Ինքնակրթությամբ գիտելիքներ ձեռք բերեց, ընդունվեց կոմերիտմիության շարքերը, մտավ կոլտնտեսություն։ Դդմաշենի գյուղխորհրդի նախագահն էր։ Զորակոչվելուց հետո, երեք-չորս ամիս ծառայեց Հոկտեմբերյանում, ապա մեկնեց ռազմաճակատ։ Կռվեց Ղրիմում։ Սևաստոպոլի ազատագրման մասնակիցներից էր։ Վերջին նամակը ստացվեց 1944թ. ապրիլին։

ՍՈՒՐԵՆ ՊՈՂՈՍԻ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՍԽՐԱՆՔԸ

1939 թվականի հոկտեմբերին, 21 տարեկան հասակում զորակոչվել է բանակ։ Սովորել ու ավարտել է գնդի կրտսեր հրամանատարական դպրոցը։ Պատերազմի առաջին օրերին մեկնել է ռազմաճակատ։