Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/381

Այս էջը սրբագրված է

Կռվել Է Արևմտյան Ուկրաինայում, մասնակցել շատ հերոսամարտերի։ Աչքի է ընկել համարձակությամբ, խիզախությամբ։ Սուրենը ընկներների հետ ետ է մղել թշնամու անսապսելի գրոհները, կռվել մինչև վերջին հնարավորությունը։

1942 թվականի դեկտեմբերին Սուրենը նռնակների խրձով նետվել է թշնամու տանկի տակ։ Հերոսական ու աննախադեպ սխրանք։

Ավա՜ղ, այս փաստը ուրիշ ոչ մի տեղ չի արձանագրվել։

ԳԵՂԱՄ ԲԱԼԱԲԵԿԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Ծնողազուրկ էր։ Մեծացավ հորդոր ընտանիքում։ Չկարողացավ ուսում ստանալ։ 1939 թվականին հորեղբոր տղան՝ Նուշիրվանը, տասնիննամյա Գեղամին տարավ Երևան։ Աշխատանքի ընդունվեց կարբիտի գործարանում։ Առաջավոր բանվոր էր։ 1941թ. դեկտեմբերին բանակ զորակոչվեց։ Կռվեց Հայկական 89-րդ դիվիզիայի կազմում։ Անհայտ կորածների ցուցակում է։

ԳԵՐԱՍԻՄ ԵԳՈՐԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Հինգ-վեց տարեկանից զրկվեց ծնողներից։ ՄԵծացավ քեռիների՝ Մկրտիչի և Վիրաբի ընտանիքներում։ Դպրոց էր հաճախում ըստ ցանկության։ Մի օր էլ թալեց դպրոցն ու մեկնեց Երևան։ Աշխատանքի անցավ մարմարի գործարանում։ Մարմար ու գրանիտ էր հղկում։ 1941-ին զորակոչվեց ու մեկնեց ռազմաճակատ։ Նրա մասին լուրերը կցկտուր են։ Հայտնի չէ, նույնիսկ, թե ո՞ր ռազմաճակատում է զոհվել։

ԱՍԱՏՈՒՐ ԵՐԵՄԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Սովորել է գյուղի և Սևանի դպրոցներում։ 1930 թվականին համագյուղացի Գարեգին Ներսիսյանի հետ մեկնել է բանակ՝ պարտադիր ծառայության։ Զորացրվելուց հետո աշխատել է գյուղում, խանութի գործակատար, հետո ծուկտրեստում որպես առաքիչ, փոխտնօրեն։ Արհավիրքի առաջին իսկ օրերին մեկնել է ռազմաճակատ։ Վիրավորվել է, փոխադրվել Երևանի Ամիրյան փողոցում գտնվող հոսպիտալը։ Մայրը՝ Սալաթը, կինը՝ Աղավնին, փոքրիկ աղջնակին գրկած, գնում են տեսակցելու։ Ապաքինվելուց հետո կրկին մեկնում է ռազմաճակատ։ Մի քանի ամիս անց ստանում են «սև թուղթը». «Ասատուր Երեմի Ներաիսյանը զոհվել է 1942 թվականի փետրվարի 18-ին։ Թաղված է Ռոստովի մարզի Սամբեկ ավանի եղբայրական գերեզմանոցում»։