Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/382

Այս էջը սրբագրված է

ԲԵՆԻԱՄԻՆ ԱԼԵՔԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Ապուպապերը տոհմիկ երկրագործ էին։ Բենիամինն էլ գութանի մաճ բռնեց, վար ու ցանքով զբաղվեց։

1941 թվականի օգոստոսին զորակոչվեց բանակ։ Ծառայեց էջմիածնի զորամասերից մեկում։ Խնդրեց իրեն կամավոր ռազմաճակատ ուղարկել ու կոչ արեց ընկերներին. «Մենք արդեն տիրապետում ենք զենքին։ Մեր տեղը ռազմաճակատում է...»

Բենիամինի քույրը՝ Խաթունը, գնաց տեսակցության։ Բենոն իր հանդերձանքը պահ տվեց քրոջը»։ Խաթունը լաց ու կոծով եղբորը ճանապարհեց ռազմաճակատ։ Բայց, ավա՜ղ, չդիմավորեց։

1942թ. հունվարին Բենիամինը գրեց իր վերջին նամակը։ Սևանի շրջանային զինվորական կոմիսարիատից հայտնում են, որ Բենիամինի անունը անհայտ կորածների ցուցակում է։

ՄԱՐԳԱՐ ԿԱՐԱՊԵՏԻ ՇԱՀԻՆՅԱՆ

Կատարում էր գյուղատնտեսական ամենատարբեր աշխատանքներ։ Զինվորական ծառայության մեկնեց 1939 թվականին։ Մասնակցեց ֆիննական պատերազմին։ Ծառայում էր Լվով քաղաքում, երբ սկսվեց Հայրենական պատերազմը։ Հարազատները նրանից ստացել են ընդամենը մեկ նամակ։ Հավանաբար, զոհվել է պատերազմի առաջին օրերին, քսանհինգ տարեկան հասակում։

ԱՂԱԲԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՇԱՀԻՆՅԱՆ

Երրորդ դասարանն ավարտելուց հետո մեկնել է Բաքու։ Ավարտել է բանֆակը և աշխատանքի անցել նավթահանքերում։ 1928-ին վերադարձել է, աշխատել Հրազդանի գյուղկռոպում որպես պահեստապետ, հետո՝ գյուղկռոպի նախագահ։ 1933-ին աշխատել է Հրազդանի շրջկոռպի նախագահ։ 1937-ին տեղափոխվել է Երևան, աշխատել քաղաքի առևտրի ցանցում։ Բանակում վարժ խոսում էր ռուսերեն։ Հաճելի զրուցակից էր։ 1941-ին մեկնեց ռազմաճակատ։ Զոհվել է 1943թ. հուլիսի 21-ին, երեսունվեց տարեկան հասակում։ Թաղված է Կրասնոդարի երկրամասի Կրիմսկայա կայարանի մոտ գտնվող Մոսլովանս գյուղի եղբայրական գերեզմանոցում։