Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/384

Այս էջը սրբագրված է

շրջկոոպում՝ վերաքննիչ։ Երբ սկվեց պատերազմը, Արմենակն արդեն երկու երեխայի հայր էր։ Զորակոչվեց բանակ և մեկնեց ռազմաճակատ։ Զբաղվում էր զորամասի զենքի ու զինամթերքի, հանդերձանքի ու սննդի մատակարարման գործով։ Արմենակը ևս անցավ պատերազմի դժվար ճանապարհներով, համառ մարտերով հասավ Գերմանիա, Բեռլին։ Նրան էլ չվիճակվեց տեսնել հաղթանակը...

1945թ. փետրվարի 15-ին կինը՝ Վարսենիկը, հայրը՝ Մեսրոպը, մայրը՝ Թագուհին, ստանում են իրենց սիրելի ամուսնու և զավակի «սև թուղթն» ու տեղեկանում. «Զինվորական ավագ Արմենակ Մեսրոպի Պետրոսյանը 1945թ. փետրվարի 9-ին հերոսաբար զոհվել է Գերմանիայի Կորչուվ քաղաքում։ Թաղված է շաքարի գործարանից 100 մետր հեռու գտնվող գերեզմանոցում»։

Արմենակի եղբայրը՝ Եսայի Պետրոսյանը, որ այժմ ողջ է, ծնվել է 1919 թվականին։ Մասնակցել է ֆիննական պատերազմին ու ծանր վիրավորվել։ Երկար ժամանակ հոսպիտալում բուժվել է։ Բժիշկները չեն կարողացել վերականգնել տեսողությունը։ Երկու աչքից կուրացած, զինվորական հրամանատարի ուղեկցությամբ 1940-ին վերադարձել է տուն։ Երկար տարիներ աշխատել է Սևանի կույրերի կոմբինատում։ Չորս զավակների հայր է։

ԹՈՐԳՈՄ ՍԱՆՈՒԿԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Թորգոմը ծնողների միակ որդին էր։ Ամեն ինչ տակնուվրա եղավ, երբ անժամանակ մահացան ծնողները։ Հարազատները նեցուկ եղան նրան։ 1939 թվականին կամավոր մեկնեց բանակ։ Ծառայեց Հայկական 76-րդ հրաձգային դիվիզիայում։ Զինվորական պարտքը կատարելուց հետո վերադարձավ գյուղ, վերականգնեց հայրական օջախը, ընտանիք կազմեց, աշխատեց կոլտնտեսությունում։ Մի քանի արհեստ գիտեր, որմնադիր, ներկարար, հյուսն։ 1941 թվականի սեպտեմբերին կրկին զորակոչվեց։ 1942 թվականից Թորգոմը, 409-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի կազմում, մասակցել է Կրասնոդարի երկրամասում ծավալվող մարտական գործողություններին։ 1943 թվականի փետրվարի 2-ին հերոսաբար զոհվել է Կրասնոդար քաղաքի ազատագրման համար մղված մարտերից մեկում։ Թաղված է Կրասնոդարի երկրամասի Շապսուգսի գյուղի գերեզմանոցում։