Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/385

Այս էջը սրբագրված է

ԱՐԱՄԱՅԻՍ ԱՐՏՈՒՇԻ ՊՈՂՈՍՅԱՆ

1939թ. գերազանց առաջադիմությամբ և օրինակելի վարքով ավարտեց միջնակարգը։ Նույն տարում զորակոչվեր պարտադիր զինվորական ծառայության, որն անցկացրեց Պսկովի մարզի Օպոչեց քաղաքում։ Պիտի զորացրվեր, պատերազմն սկսվեց։ Հենց առաջին օրերից նա թեժ կռիվների մեջ էր։ Հարավ-արևմտյան ռազմաճակատի հակաօդային պաշտպանությունում զենիթային հրետանային գնդի դասակի հրամանատար էր։

1941թ. հուլիս-սպետեմբեր ամիսներին քաջաբար կռվել է Պսկով և Իզբորս քաղաքների պաշտպանական մարտերում և... անհայտ կորել։

ՊՈՂՈՍ ՄԱՆՈՒԿԻ ՌՈՍՏՈՄՅԱՆ

Պողոս Ռոստոմյանը, որը ծառայել է Էջմիածնի հեծյալ գնդում, զորացրվելուց հետո աշխատեց գյուղի ձիաբուծական ֆերմայում։ Նա գյուղի առաջին ձիապահը եղավ։ Ընտրվել է շրջխորհրդի պատգամավոր։ Ֆերման հայտնի դարձավ ոչ միայն շրջանում, այլև հանրապետությունում ու միությունում։ 1939-ին դարձավ Մոսկվայի գյուղատնտեսական ցուցահանդեսի մասնակից։ Երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվեց Աշխտանքային կարմիր դրոշի շքանշանով։

Պատերազմի օրերին ֆերմայի բոլոր ձիերն ուղարկեցին Կիրովական, այնտեղից էլ՝ տարբեր զորամասեր։ 1942թ. ռազմաճակատ մեկնեց նաև Պողոսը։ Մասնակցեց Ռոստով քաղաքի պաշտպանական մարտերին և մարտական առաջադրանք կատարելիս զոհվեց 1942թ. հուլիսի 3Օ-ին։ Պողոսի մեծ տղան՝ Սարիբեկը, մինչև օրս, որպես մասունք, պահում է Մոսկվայից ուղարկած մի փաստաթուղթ, որտեղ գրված է. «Ուղարկում ենք Սևանի աշխատավորական պատգամավորների շրջանային խորհրդի թիվ 47 պատգամավորական տոմսը, որը պատկանում է զոհված ընկեր Պողոս Մանուկի Ռոստոմյանին։ 30-ը օգոստոսի 1942թ.»։ Հանգուցյալի «սև թուղթն» ստացվեց ավելի վաղ։