Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/386

Այս էջը սրբագրված է

ԽԱԺԱԿ ԲԱԼԱԲԵԿԻ ՍԱՀԱԿՅԱՆ

1935-1937 թվականներին ծառայեց կարմիր բանակի շարքերում։ Զորացրվելուց հետո վերադարձավ հայրենի գյուղ և անցավ խաղաղ աշխատանքի։ Ամուսնացավ, ունեցավ երկու արու զավակ։ 1941 թվականին, պատերազմի սկբից ևեթ Խաժակը գործող բանակում էր։ Կռվում էր խիզախորեն, արհամարհելով մահը։ Մասնակցեց Կերչ քաղաքի հերոսամարտերին և 1941թ. դեկտեմբերին անհայտ կորով։

ՎԱՅՐԻԿՈ ԲԱԼԱԲԵԿԻ ՍԱՀԱԿՅԱՆ

Ծնվել է 1919 թվականին։ Մանուկ հասակից աշխատել է գյուղում, սիրել հողագործի աշխատանքը։ 1938 թվականին զորակոչվեց։ Ծառայում էր 115-րդ հրաձգային դիվիզիայի 33-րդ հրետանային գնդի ստորաբաժանումներից մեկում։ Երբ սկսվեց պատերազմը, կապավոր-հրետանավոր էր։ Լենինգրադի մոտ մղված մարտերից մեկում վիրավորվում է և ապաքինվելուց հետո կրկին վերադառնում ռազմաճակատ։ Կռվում է 4-րդ ուկրաինական ռազմաճակատում։ 1944թ. օգոստոսին արյունահեղ մարտերից մեկում, խիզախաբար ընկնում է դդմաշենցի քսանհինգամյա զինվորը։ Նրա կրտսեր եղբայր՝ Անուշավանը, պատերազմից վերադարձավ վիրավոր։

ՀԱԿՈԲ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆ

Միջնակարգ կրթությունն ստացել է Բաքվում, ապա Երևանում։ Սովորում էր կաուչուկի գործարանին կից ֆաբրիկա-գործարանային ուսումնարանում։ Իր դասընկերոջ՝ համագյուղացի Բենիկ Հակոբյանի հետ, կատարելագործման նպատակով, մեկնել է Լենինգրադ: Ավարտելով դասընթացները, երկուսով վերադառնում են Երան և աշխատում կաուչուկի գործարանի տարբեր արտադրամասերում։ Մեկ տարվա ամուսնացած էր Հակոբը, երբ սկսվեց պատերազմը։ Կամավոր մեկնեց ծառայության։ 1941 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսներին ուսանել է Օրջոնիկիձե քաղաքի ռազմական ուսումնարանում։ Ավարտելուց հետո, լեյտենանտի կոչումով մեկնում է ռազմաճակատ, մասնակցում Հյուսիսային Կովկասի պաշտպանական և ազատագրական մարտերին։ Զոհվեց Կերչի համար մղված ահեղ մատերից մեկում, 1942 թվականի մարտին, քսաներկու տարեկան հասակում։