Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/393

Այս էջը սրբագրված է

ԿՈՍՏԱՆ ԴԱՆԻԵԼԻ ՍԻՄՈՆՅԱՆ

Կոլտնտեսության դաշտավարական բրիգադավարներ Դավիթ Գրիգորյանը, Նաստարակ Շահինյանը սիրով են հիշում իրենց ընկերոջը, կատակասեր Կոստանին։

Տեղափոխվում է Երևան, աշխատանքի ընդունվում ՆԳ նախարա¬ րությունում որպես շարքային միլիցիոներ։

1941թ. զորակոչվում է բանակ, մեկնում է ռազմաճակատ։ 1942թ. սկզբից հարազատները դադարեցին նամակ ստանալ։ Այլևս նրա մասին տեղեկություններ չստացվեցին։

ԽԱՉԱՏՈՒՐ ԳՐԻԳՈՐԻ ՍԻՄՈՆՅԱՆ

Խաչատուրը՝ Մասոյ Գրիգորի տղան էր։ Հայր ու որդի աշխատում էին ունևոր մարդկանց մոտ։ Գյուղում կոլեկտիվ տնտեսության կազմակերպումից հետո դարձան կոլտնտեսության անդամ։ Խաչատուրը ցանկություն ուներ տուն կառուցել՝ չհասցրեց։

1941թ. օգոստոսին դաշտից տուն վերադարձավ ու այլևս դաշտ չգնաց։ Մեկնեց զինվորական ծառայության։ Հայկական 409-րդ դիվիզիայի 675-րդ հրաձգային գնդի կազմում կռվեց Հյուսիսային Կովկասում։ 1943թ. սեպտեմբերի 13-ին Կրասնոդարի համար մղված մարտերից մեկում զոհվեց մեր զվարճասեր համագյուղացին։ Թաղված է Կրասնոդարի մարզի Տիմաշևսկ քաղաքի գերեզմանոցում։

ՀՐԱՉԻԿ ԱՌԱՔԵԼԻ ՍԻՄՈՆՅԱՆ

Միջնակարգն ավարտելուց հետո մեծ թվով համադասարանցիների հետ 1943թ. հունիսի 1-ին զորակոչվեց բանակ։ Ծառայեց Հայաստանում տեղակայված զորամասերից մեկում։ Ռազմաճակատ մեկնեց Վրաստանի Գորի քաղաքից։ 47-րդ հրաձգային դիվիզիայի շարքերում մասնակցեց հարձակողական մի քանի մարտերի։ Զոհվել է Բելոռուսական Հանրապետության Բարանովիչ քաղաքի ազատագրման ժամանակ, 1943թ. դեկտեմբերին՝ նահանջող թշնամուն հետապնդելու ժամանակ։