Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/4

Այս էջը սրբագրված է

ԱՌԱԾԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

«Հայաստանի Հանրապետության բնակավայրերը» մատենաշարի հրատարակված հատորները լուրջ հետաքրքրություն են առաջացրել մշակույթի գործիչների շրջանում։ Օր-օրի ավելանում է բանիմաց ու պարտաճանաչ հեղինակների թիվը։

Ներկա հատորը յոթնամյա տառապանքի արդյունք է։ Հեղինակը՝ Ֆահրադ Սողոմոնյանը, ծնվել է 1923-ին, Դդմաշենում։ Միջնակարգ կրթություն ստանալուց հետո սովորել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում։ Քառասունութ տարի հայրենի գյուղի, Սևանի, Նորաշենի, Ծաղկունքի, Գոմաձորի դպրոցներում աշխատել է որպես ուսուցիչ և դպրոցի տնօրեն։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից է։ Պարգևատրվել է շքանշաններով ու մեդալներով։ Նրան ծանոթ են գյուղի տարածքի ամեն թուփ ու քար, ամեն մի արժանահիշատակ դեմք ու դիպված։

Ելնելով մատենաշարի գիտամեթոդական պահանջներից, նա եղել է հանրապետության գիտական օջախներում, երբեմն բանավեճի մեջ մտել գիտության գործիչների հետ, ժխտել կամ հաստատել այս կամ այն պատմական տեղեկությունը և, ի վերջո, գտել բնակավայրի անձնագրի համար անհրաժեշտ ու անժխտելի վկայությունը։

Ֆ.Սողոմոնյանի հինգ զավակները ստացել են բարձրագույն կրթություն։ Էլեոնորան ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ստացել էլեկտրաինժեների որակավորում, էսման (1949-1996) ավարտել է Երևանի պետական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետը, որդին՝ Արամը, գերազանց առաջադիմությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ավտոճանապարհային ֆակուլտետը, Գայանեն՝ Երևանի մանկավարժական ինստիտուտի երգ-երաժշտության ֆակուլտետը, Կարինեն՝Սարաջևի անվան երաժշտական ուսումնարանը։ Դաշնամուրի դասատու է։ Նրանք բոլորն էլ իրենց ներդրումն ունեցան գրքի հրատարակության գործում։ Հրատարակիչներն իրենց երախտիքի խոսքն են ուղղում նաև Ռոբերտ Ստեփանյանին, Մարտին Ստեփանյանին, Սուրեն Մանուկյանին, Սամվել Առաքելյանին, Արմեն, Նիկոլայ, Յուրիկ, Ռաշիդ Գրիգորյաններին, Արսեն Սաֆարյանին, Սպարտակ, Վալերիկ, Վարազդատ, Հայկունի Հարությունյաններին, Դավիթ Մարտիրոսյանին, Գագիկ, Արայիկ, Վարդան Թադևոսյաններին, Գեղամ Եսայու և Գեղամ Գագիկի Սաֆարյաններին, Աղասի և Սեդրակ Խաչատրյաններին, Դերենիկ Արզումանյանին և Գագիկ Ստեփանյանին գրքի հրատարակությանն աջակցելու համար։