Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/40

Այս էջը սրբագրված է

ՏԱՊԱՆԱՔԱՐ

Եկեղեցու ետևի ճամփեզրին է, տապանաքարի արևմտյան երեսին կենցաղային տեսարան է, թևերը կրծքերին խաչած երկու հանգուցյալ, թառ, գինու գավ և հավերժության նշան։ Պատրաստված է գորշ, ծակոտկեն բազալտից։

Կարծիք. — Ծանոթանալով աշուղ Միրզի (աշուղ Սևան) կենսագրությանը, ենթադրվում է, որ այդ տապանաքարը աշուղի երկու վաղամեռիկ տղաների և իրեն՝ Միրզի գերեզմանն է։

ՏԱՊԱՆԱՔԱՐ

Ըստ արձանագրության, տապանաքարը դրվել է 1621թ. ոմն Ավանիեսի հիշատակին։ «ԱՅՍ է ՀԱՆԳԻՍՏ |Աւանի եւ Սին |թվին։ ՌՀ»։ Հյուսիսային կող ծածկված է հողով։ Քանդակները հողմնահարված են։ Գտնվում է հյուսիսային հատվածի միջին մասում (եկեղեցու հետևի մասի գերեզմանոցում)։

ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Եռաստիճան բազալտե պատվանդանի վրա զինվորի արձանն է, որը աջ ձեռքով թուր է բռնել։ Պատվանդանի վրա արձանագրություն է։ Արձանի դիմաց վառվում է անմար կրակ։ Ամբողջ տարածքն առնված է մետաղյա ցանկապատի մեջ։ Կանգնեցվել է իբրև հարգանքի տուրք պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակին, 1965-1968թթ., համագյուղացիների միջոցներով։

«1941–45թթ. Մեծ Հայրենականում զոհված Դդմաշենցիներին»։

ՄԱՏՈՒՌ

Գտնվում է գյուղի կենտրոնական մասում։ Պատմական տեղեկություններ հայտնի չեն։ Կիսագետնափոր շինություն է, որի արևելյան մասը արտաքուստ և ներքուստ կիսաշրջանաձև է։ Միակ մուտքը հարավային ճակատից է։ Լուսավորությունը իրականացվում է հարավային ճակատում՝ տեղադրված միակ լուսամատով։ Տանիքը ներքուստ գերանակապ է, արտաքուստ շիֆերածածկ։