Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/401

Այս էջը սրբագրված է

ՎԱՆՈՒՇ ՄԱՐՈՒՔԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ծնվել է 1923 թվականին։ Բանակ է զորակոչվել 1942-ի օգոստոսին։ Ռազմաճակատ է մեկնել 1942թ. դեկտեմբերին։ Ծառայել է 409֊րդ Հայկական դիվիզիայում։ Մասնակցել է Մոզդոկի և Հյուսիսային Կովկասի մի շարք բնակավայրերի, ինչպես նաև Նովոռոսիյսկի ազատագրման։ Մահացել է ռազմաճակատում ստացած ծանր վերքերից։ «Սև թղթի» մեջ մահվան ամիս, ամսաթիվ, տարեթիվ նշված չէ։ Թաղվել է Նովոռոսիյսկի մերձակայքում գտնվող Մոսկակո գյուղի եղբայրական գերեզմանոցում։

ՓԱՆՈՍ ՍԱՐԳՍԻ ՓԱՆՈՍՅԱՆ

1940 թվականի հունիսի 20-ին զորակոչվել է զինվորական ծառայության։ Ծառայեց Հեռավոր Արևելքում՝ Չիտայի մարզի Ներչինսկ քաղաքի 21-րդ հեծյալ գնդում։ Սպայական կոչում ստանալու համար գործուղվել է Իրկուտսկի ռազմաօդային ուսումնարանը։ Եղբոր՝ Գրիգորի մոտ պահվող նամակներից տեղեկացանք Փանոսի զինվորական ծառայության, շնորհագրերով պարգևատրվելու մասին։ Ուսումնարանն ավարտել էր, երբ սկսվեց պատերազմը։ Ռազմաճակատ մեկնեց որպես դասակի հրամանատար, կռվեց Վիտեբսկ քաղաքի ազատագրության համար և իսկույն էլ աչքի ընկավ։ 1941 թվականի դեկտեմբերին զոհվեց։

ԱՐՏԱԾ ԵՂԻԱԶԱՐԻ ՓԱՆՈՍՅԱՆ

Աշխատեց հայրենի գյուղի կոլտնտեսությունում։ Հայրը՝ Փանոսի Եղոն, պարծենում էր որդու աշխատասիրությամբ։

Սկսվեց պատերազմը։ Զորակոչվեց։ Ծառայեց 408-րդ Հայկական դիվիզիայի 672-րդ հրաձգային գնդում։ 1942թ. սեպտեմբերին գնդի զինվորների հետ մեկնեց ռազմաճակատ, մասնակցեց Տուապսեի և Գելենջիկի համար մղվող արյունահեղ կռիվներին։ 1943-ի հունվարին ստացվեց նրա վերջին նամակը։ Փետրվարին զոհվեց Աբինսկայա կայարանի ազատագրման համար մղվող մարտերի ժամանակ։

ՄԱՆՈՒԿ ՌՈՒԲԵՆԻ ՓԱՆՈՍՅԱՆ

Ձիաբուծական ֆերմայի ձիապանն ու ձիեր վարժեցնողն էր։ Ռազմաճակատ մեկնեց պատերազմի առաջին օրերին։