Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/411

Այս էջը սրբագրված է

ՊԱՏՎԵԼԻ ԱՆՈՒՆՆԵՐ

ԱՎԵՏԻՍ ՋՈՒՄՇՈՒԴԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ծնվել է 1901 թվականին։ Սովորել գյուղի ծիսական դպրոցում։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից։ Տասնվեց տարեկանում օրվա հաց վաստակելու համար, որպես սևագործ բանվոր, մեկնել է Գրոզնի, ապա՝ Բաքու։ Բանվորություն է արել նավթաարդյունաբերողների մոտ։ Տարիներ անց վերադարձել է գյուղ և 1921-24 թվականներին ծառայել է Քանաքեռի հայկական հրետանային գնդում։ 1925 թվականին, 24-ամյա Ավետիսը քաղաքական աշխատող էր։ Ընդունվեց կոմկուսի շարքերը։

Անդրոկովկասյան Կարմրադրոշ բանակի հրետանային դիվիզիոնների մրցույթում նրա ղեկավարած մարտկոցը գրավել է առաջին տեղը։ Անձամբ Կ. Ե. Վորոշիլովի կողմից պարգևատրվել է։

1928 թվականին Դդմաշենում կազմակերպվեց շրջանում առաջին կոլտնտեսությունը։ Նախագահ ընտրվեց Ավետիս Ավետիսյանը։ 1932 թվականին ընդունվեց Երևանի միլիցիայի հրամանատարական դպրոցը։ Ավարտելուց հետո, աշխատեց ՆԳ մարմիներում։ 1938 թվականին նշանակվեց Սևանի միլիցիայի շրջանային բաժանմունքի պետ։ Պատերազմի ժամանակ ծառայեց շրջանի զինկոմիսարիատում և հակաօդային պաշտպանությունում։ 1949 թվականից տեղափոխվեց Երևան։ Աշխատեց մայրաքաղաքի տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում։ 1961 թվականից անցավ անհատական թոշակի։ Կյանքից հեռացավ 87 տարեկանում՝ 1988 թվականին։ Հայրենասեր, ազնիվ, անվախ մարդ էր։ Թող որ Ավետիսյանի տոհմի շառավիղները իրենց մեջ կրեն նրա արդարամտությունն ու քաջությունը։