1939-ից մինչև կենսաթոշակի անցնելը, ավելի քան 40 տարի, Երևանի Ավետիք Իսահակյանի անվան դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին էր։ Պարգևատրվեց «Պատվո նշան» շքանշանով, բազմաթիվ մեդալներով ու գովասանագրերով։
Տարիներն եկան ու անցան։ Վախճանվեց նաև ուսուցչուհի Մարգո Շիրինյան Սավզյանը, բայց սաների հոգիներում ապրում էր նրա ներող ժպիտը, երեխաներին հմայող ձայնն ու մեղմ հարցումը.
— Այսօր ո՞ւմ դաս չեմ հարցրել... Նայում է ծույլիկներին.
— Դե, ոչինչ... միասին կսովորենք... այսօր մեր դասը այնքան հեշտ է...
Մենք հետո ուշ հասկացանք, որ հեշտ դասեր չեն լինում։ Բարի ուսուցիչներն են դժվարինը դարձնում հեշտ ու դյուրին։
«ԵՍ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՐԴ ԵՄ»
Դպրոցական տարիներին լռակյաց պատանի էր Շավարշ Գրիգորյանը։ Մեկնեց Լենինական։ Գյուղատնտեսական տեխնիկումում ուսանելու տարիներին, երբ արձակուրդներին գյուղ էր վերադառնում, անչափ փոխվել էր։ Դարձել էր ավելի լռակյաց, բարեհաճ։ Հագնում էր քաղաքացու նման։ Իսկ այն տարիներին գյուղի և քաղաքի միջև տարբերությունը չափազանց մեծ էր։ Հագուստից դատելով, անմիջապես կարելի էր ասել սա գյուղացի է, սա՝ քաղաքացի։
Տակավին երիտասարդ էր, նշանակեցին նոր կազմակերպված կոլտնտեսության անասնապահական ֆերմայի վարիչ։
1938-ին ընտրվեց Սևանի ԼԿԵՄ շրջկոմի առաջին քարտուղար։ Սկսվեց երկրորդ աշխարհամարտը։ Մեկնեց բանակ։ Քաղաշխատող էր։ Անմիջապես ստացավ ավագ լեյտենանտի կոչում։ Ծառայության մեջ էր, երբ վախճանվեց կինը, թողնելով երեք անչափահաս երեխա։ Դեռ պատերազմը չէր ավարտվել, նշանակվեց Սևանի զինկոմիսարիատի երկրորդ մասի պետ։ Շատ ժամանակ չէր անցել, ընտրվեց շրջկոմի երկրորդ քարտուղար։
Այնուամենայնիվ, հայրենի գյուղը ձգում էր նրան։ Դդմաշենի կոլտնտեսության 1945-ի վերընտրական ժողովում առաջադրվեց նաև նրա թեկնածությունը։ Վարչությունը միաձայն նրան ընտրեց նախագահ։ Այդ պաշտոնում նա աշխատեց մինչև 1962 թվականը։ Նախագահի պաշտոնում երկար մնալու գաղտնիքը մեկն էր՝