Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/416

Այս էջը սրբագրված է

ԳՅՈՒՂԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Նախախորհրդային տարիներին, ընդհուպ մինչև 1920 թվականը, գյուղը ղեկավարել են տանուտերերը, քյոխվաները, ռեսները, որոնք իրենց հերթին ենթակա են եղել տարածաշրջանի մելիքներին (ի դեպ ներկայիս Ջրառատ գյուղը երբեմն կոչվել է Մելիքի գյուղ)։ Հետագայում գյուղերը գնալով դադարել են ենթարկվել մելիքներին։ Նրանք ունեցել են իրենց գյուղապետերը կամ տանուտերերը, որոնք ենթարկվում էին գլավային կամ գլխավորին։ Յոթ գյուղ ունեցել է մեկ գլխավոր։ Դդմաշենում տանուտեր, ռես են եղել Թումոյ Գրիգորի Կարոն, Սաֆարի Տիգրանը, Փանոսի Ավեն (Ավետիք Փանոսյանի պապի հայրը), Աբաչու Ստեփանը, նրա որդի Խաչատուրը, Տեր-Խաչատուրի Գաբրիելը և ուրիշներ։ 1920-ին գյուղում կազմակերպվեց հեղկոմ։ Իսկ 1921-ից՝ գյուղական խորհուրդ։

ՄԱՐԴԸ ԳՆՈՒՄ է, ՀԻՇՎՈՒՄ է ԳՈՐԾԸ

Կոլտնտեսության նախագահներից երկար աշխատեցին Շ․Գրիգորյանը՝ 13 տարի, Ս. Ղարիբյանը՝ 22 տարի։ Երկուսն էլ մեծ հեղինակություն էին վայելում։ Նրանց աշխատած տարիներին լայն թափ առավ անհատական բնակարանային շինարարությունը, գյուղամիջյան ու դաշտամիջյան ճանապարհաշինությունը։ Այդ տարիներին են կառուցվել կոլտնտեսության, գյուղական խորհրդի վարչական շենքերը, ձիաբուծական ֆերմայի համալիրն ու անասնակերախոհանոցը։ Կամո քաղաքից և Ծառով ձորից գյուղ բերվեց խմելու ջուրը։ Մուտք գործեց բնական գազը։ Էլեկտրալարերը հասցրին սարատեղի գոմերը։

1960թ. նոյեմբերի 20-ին, Խորհրդային Հայաստանի 40-ամյակի օրը, Երևանից եկող մարդատար գնացքը առաջին անգամ կանգ առավ «Դդմաշեն» կայարանում և ապա մտավ Սևան։ Այդ օրը տոնախմբություն էր գյուղում։

Գյուղը էլեկտրաֆիկացվել է 1949-50 թվականներին, հեռախոսային ցանցը գործում է 1928-ից։

ՂԱՐԻԲՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ ՄԻՀՐԴԱՏԻ

Ծնվել է 1933-ին, ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ 1952-53 ուսման տարում ընդունվել է, 1957-58-ին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուծական ֆակուլտետը։ Սկզբում աշխատել է կոլտնտեսության ֆերմայի վարիչ,