հորթանոց՝ մատղաշների ինտենսիվ բտման համար, անասնագոմ՝ խոշոր եղջերավոր անասունների համար։ Կառուցվել է ձիավարժության համար վարժահրապարակ։ Վերանորգվել են ձիաբուծարանի և վարչական շենքերը։ Ռուսաստանից գյուղ բերվեցին մեծաքանակ տոհմային ցեղական կովեր։ Չարաղետ երկրաշարժի օրերին, աղետի գոտուց բերվեց 150 կով, 18 մայր խոզ, կարճ ժամանակում դրանց թիվը հասավ 130-ի։ Ստավրոպոլի մարզից բերվեց 30 խոյ։
1988-ին 14 ձի էր ուղարկվել Բաքու՝ ձիարշավին մասնակցելու համար։ Ձիարշավն ավարտելուց հետո, ազերները հրաժարվեցին ձիերը վերադարձնել։ Տնօրենը մեկնեց Ստավրոպոլի մարգի Թերեքի ձիաբու¬ ծական գործարան, պարզեց, որ Բաքվի ձիերը վաղուց վաճառվել են Թերեքի ձիաբուծարանին։ Ստավրոպոլի ղեկավարությունը ձիերը Բաքվից տեղափոխեց Թերեք։ Այնտեղից ուղարկեցին Դդմաշեն։ Նույն տնօրենի նախագծով և նախաձեռնությամբ Ալկազախի ջուրը 17 կմ հեռավորությունից հասավ գյուղ։ Բնակավայրն ամբողջովին գազաֆիկացվեց։ Այս բոլոր ձեռքբերումներից հետո, հաջորդ տնօրենի աշխատած ժամանակամիջոցում, մեկ-երկու օրվա ընթացքում «սեփականաշնորհվեց» գյուղի հասարակությանը պատկանող շարժական և անշարժ գույքը։ Սովխոզն այնպես քանդվեց, որ քարը քարին չմնաց...
ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԴԴՄԱՇԵՆՑԻՆ՝
ԳՈՒՐԳԵՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Պապն ականավոր աշուղ էր, բանաստեղծ ու երաժիշտ, թոռը՝ անվանի բանահավաք ու մանկավարժ։ Այդ նա, բանահավաք Ստեփանյանը հավաքեց ու գրի առավ աշուղ Սևանի երգերը, գրեց նրա կենսագրությունը։
Անվանի մանկավարժն ու բանահավաքը զգալի ավանդ ունի հայրենի գյուղի պատմության, մեր գավառի ժողովրդական հեքիաթները, առակ-ասացվածքները հավաքելու ասպարեզում։ Կամո քաղաքի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1930-35 ուսումնական տարիներին աշխատում է Քաղսի և Դդմաշեն գյուղերի դպրոցներում, դասավանդում հայոց լեզու և գրականություն։ 1935-ի մայիսին մեկնեց Թբիլիսի, սովորեց և ավարտեց տեղի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Երկար տարիներ հայոց լեզու ու գրականություն դասավանդեց Ախլքալակի ու Բորժոմի դպրոցներում։ 1942-ին ընդունվեց Մախաչկալայի հետևակային ուսումնարանը։ Ավարտելուց հետո մեկնեց ռազմաճակատ։