Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/421

Այս էջը սրբագրված է

հետաքրքրում են մարդու ապրած կյանքի բովանդակալից կողմերը։ Իսկ այդ վեհն ու սքանչելին Հայկազի կյանքում աշխատասիրությունն էր։ Բոլոր հաջողությունների մայրը նա համարում էր աշխատանքը։ Աշխատանքին նվիրված մարդը անխարդախ է ու հաջողակ։

ՍՈՒՐԵՆ ՍԱՐԻԲԵԿԻ ԶԱՔԱՐՅԱՆ

1938թ. ավարտել է Երևանի Մուշեղյանի անվան մանկավարժական ուսումնարանը։ Շուրջ երկու տարի աշխատել է հայրենի գյուղում։ Հայրենական պատերազմի տարիներին ծառայել է հայկական 89–րդ Թամանյան դիվիզիայի 280-րդ հատուկ սակրավորական գումարտակում։ Մասնակցել է Հյուսիսային Կովկասի, Թաման թերկաղզու և Ղրիմի ազատագրման համար մղվող մարտերին։ Ծանր վիրավոր 1944–ի սեպտեմբերին զորացրվել է։ 1945թ. աշխատել է ՀԼԿԵՄ Սևանի շրջկոմի առաջին քարտուղար, իսկ 1948 թվականից՝ կուսշրջկոմում բաժնի վարիչ։

1949–51թթ. սովորել է ՀԿԿ Կենտկոմին կից կուսակցական երկամյա դպրոցում։ Աշխատել է ՀԿԿ Սևանի շրջկոմում որպես քարտուղար։ 1955-1960թթ. սովորել է Մոսկվայի կուսակցական բարձրագույն դպրոցում։

1960-1961 թվականներին աշխատել է ՀԿԿ Կենտկոմի ապարատում, իսկ հետո Սևանի շրջկոմի երկրորդ քարտուղար, շրջխորհրդի գործկոմի նախագահ։ Հետագայում դարձյալ աշխատել է կուսակցական ապարատում՝ Սևանի կուսշրջկոմի առաջին քարտուղար մինչև 1983թ.։ Ապա աշխատել է անտառտնտեսության տնօրեն։

Հայաստանի Կոմկուսի երեք համագումարներում ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի անդամության թեկնածու և երեք անգամ եղել Գերագույն Խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է շքանշաններով և պատվոգրերով։

Սուրեն Զաքարյանը համառ, աշխատասեր մարդ է եթե նպատակ է դնում հասնել ինչ-որ բանի, չի հապաղում։ Գնում է դեպի նպատակը՝ ձեռք բերելով համապատասխան պատրաստվածություն։ Իր խոսքի տեր, հաստատակամ անձնավորություն է։