Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/422

Այս էջը սրբագրված է

ԴԱՆԻԵԼ ԲԱՂԴԱՍԱՐԻ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Սովորել է գյուղի եկեղեցուն կից ծխական դպրոցում։ 1921-ին զորակոչվել և ծառայել է հայկական բանակում։ Զորացրվելուց հետո վերադարձել է գյուղ, զբաղվել հողագործությամբ և անասնապահությամբ։

1933-ին ավարտել է Երևանի ֆինանսա-տնտեսական տեխնիկումը և աշխատել հանրապետական խնայողական դրամարկղերի վարչությունում։ Հայրենական պատերազմի առաջին իսկ օրերից մեկնել է ռազմաճակատ։ 161-րդ գվարդիական հրետանային գնդում հրետանու մարտկոցի հրամանատար էր։ Կռվել է տարբեր ռազմաճակատներում։ 1944-ի հունվարի 1-ին ծանր վիրավորվել է գերմանական էրեբախ քաղաքի գրավման ժամանակ։ Նշանակվել է նույն քաղաքի զինվորական պարետ։ Զորացրվել է պատերազմի ավարտից հետո՝ 1945-ի հոկտեմբերին։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանով ու բազմաթիվ մեդալներով։

Աշխատանքի մեջ խտրություն չէր դնում։ Երբ հողագործ էր, հարազատ էր հողին։ Թվում էր, թե հողագործությունը նրա տարերքն է։ Երբ զինվորական էր, ձուլվում էր զենքին։ Երկյուղ ասվածը անծանոթ էր նրան։ Կարգապահ էր ու ճշտախոս։

Դանիելն ամուսնացավ հրաշալի մանկավարժ Լիզա Առուշանյանի հետ։ Թբիլիսիի Գայանյան օրիորդաց դպրոցի շրջանավարտ օրիորդը իր հմայքներով, գիտելիքներով ու մանկավարժի հեղինակությամբ իսկապես գեղեցկացրեց նրա կյանքը։

ՈՒՍՈՒՑՉԱՊԵՏԸ

Վաստակավոր ուսուցիչ Վաղարշակ Շարբաթի Հակոբյանը ծնվել է Դդմաշենում՝ 1912թ.։ 1930-ին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Երևանի էլեկտրոկապի տեխնիկումը։ 1934-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը։ 1938-ին աշխատել է Սևանի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ։ 1942-ին նշանակվել է նույն դպրոցի տնօրեն։ Աշխատել է Երևանի հիդրոմելիորատիվ տեխնիկումում որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ։ 1959 թվականին արժանացել է հանրապետության վաստակավոր ուսուցչի կոչման։ Ունի 65 տարվա մանկավարժական աշխատանքի կենսագրություն։ Վաղարշակը սիրում էր կրկնել. «Ավելի շատ պետք է լսել մարդուն, քան՝ խոսել։ Նա, ով անվերջ