Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/424

Այս էջը սրբագրված է

ԳԱՌՆԻԿ ԿԱՐԱՊԵՏԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

1928-ից որպես ուսուցիչ աշխատել է Հրազդանի շրջանի Քաղսի, Ջրառատ, Կաքավաձոր գյուղերի դպրոցներում։ 1935-ից մինչև կենսաթոշակի անցնելը տարրական դասարանների թվաբանության ուսուցիչ էր։ Գառնիկն ու կինը՝ հանգուցյալ Շաշեն, ունեցան տասը զավակ (երեք աղջիկ, յոթ տղա)։ Բոլորն էլ կրթված ու բարի համբավի տեր են։ Գառնիկի հարկի տակ մեծանում են հիսունից ավելի երեխաներ։ Հիսունութ թոռ ու ծոռի պապիկ է (29 թոռ, 29 ծոռ)։ Նրա գերդաստանի անդամներից ութն աշխատում են առողջապահության բնագավառում։ Ընտանեկան բուժ, անձնակազմում կան ատամնաբույժ, դեղագործ, մանկաբույժ, թերապևտ։ Գառնիկը Երկրորդ աշխարհամարտի առաջին խմբի հաշմանդամ է։ Երբ խոսք է լինում մարդկային նպատակների մասին, ասում է. «Մարդը երկու նպատակ պետք է ունենա, առաջինը՝ շատ զավակներ մեծացնել, երկրորդը՝ հալալ մարդ մեծացնել»։

Գառնիկի նպատակը բարին է։

ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ծնվել է Դդմաշենում, 1909-ին։ 1930-32-ին ծառայել է Քանաքեռի հրաձգային դիվիզիայի երկրորդ հեծյալ գնդում։ Զորացրվելուց հետո աշխատել է Գյումրի քաղաքի ներքին գործերի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ։ Նույն թվականին ավարտել է տեղի երեկոյան միջնակարգ դպրոցը։ 1937-53-ին աշխատել է Երևանի ՕԲԽՍՍ-ի (սոցիալիստական ունեցվածքի հափշտակության դեմ պայքարի բաժին) հետախուզության բաժանմունքի պետ։ 1954–56թթ. Ղափանի շրջանի ներքին գործերի բաժնի պետ։ Արաժանացել է վաստակավոր չեկիստի կոչման։

Պարգևատրվել է «Կարմիր աստղ» և «Կարմիր դրոշ» շքանշաններով և մեդալներով։ Հիվանդության պատճառով փոխգնդապետը պաշտոնաթող է եղել։

Մարդը ապրում է հասարակության մեջ, նրանով է իմաստավորում իր կյանքը։ Հասարակությունը պետք է լինի առողջ։ Հիվանդ հասունության մարմինը քայքայող տարրերը վիրուսներ են, որ պիտի հեռացնել առողջ մարմնից։ Եվ նա մի ամբողջ կյանք քաջաբար պայքարեց քրեական «վիրուսների» դեմ։