Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/427

Այս էջը սրբագրված է

Սողմոնի ծնողներն ու եղբոր ընտանիքը աքսորի կես ճանապարհից վերադարձան։ Մինչև 1956թ. Սողոմոնն աշխատեց գյուղխորհրդի նախագահ, այնուհետև մինչև կյանքի վերջը պաշտոնավարեց կոլտնտեսության գրասենյակում։

Սողոմոնի կյանքը իմաստավորվեց հարազատների նկատմամբ պարտքի գիտակցությամբ։ Տեսավ դառնություններ, անարդարություններ հաղթահարեց։ Ապրեց զուսպ, որպես արժանավոր եղբայր, հորեղբայր, հայր ու նվիրված, վստահելի ընկեր։

ԱԼԱԳՅԱԶ ԱՐԶՈՒՄԱՆԻ ՍԻՄՈՆՅԱՆ

Ապրած կյանքի բոլոր տարիները անցկացրեց շքերթի դուրս եկած գեներալի նման, թեև ընդամենը կապիտանի կոչում ուներ։ Բարձրահասակ էր, լայնալանջ, ինչպես Ալագյազ սարը։ 1935-ին զորակոչվեց և ծառայեց Քանաքեռի 74-րդ հայկական դիվիզիայի հեծյալ գնդում։ Զորացրվելուց հետո աշխատանքի անցավ ներքին գործերի նախարարության Սևանի բաժանմունքում։ Անձնագրային բաժնի պետն էր։

1963-ի սեպտեմբերին, աշխատանքային ընկերները նրան փառքով ու պատվով ճանապարհեցին վաստակած հանգստի։ Պարգևատրվել է «Կարմիր աստղ» շքանշանով, «Մարտական ծառայությունների», «Անվտանգության մարմիններում ծառայելու», «Կովկասի պաշտպանության», «Աշխատանքի վետերան» մեդալներով։

Նա ապրեց արժանապատվության խոր գիտակցությամբ։ Ոչ մի պարագայում չնվաստացավ, չկորցրեց քաղաքացիական հպարտությունը։

Իմաստուն է ասված. «Արժանապատվությունն ինքը՝ մարդն է»։

ՍԱՐԻԲԵԿ ՊՈՂՈՍԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Վաղ հասակում գրկվել է ծնողներից, մնացել եղբոր՝ Եգորի խնամքին։ Սովորել է գյուղի տարրական դպրոցում։ 1934-ին համագյուղացի հասակակիցների Ալագյազ Սիմոնյանի, Հովհաննես Մարտիրոսյանի հետ ծառայել է խորհրդային բանակում։ Ծառայության վերջին ամիսներին հիվանդության պատճառով զորացրվել է։ Սարիբեկը կրթություն չուներ, սակայն ընթերցասեր էր, զբաղվում էր ինքնակրթությամբ։ Խոսքաշեն, շրջահայաց և, մանավանդ, պարտաճանաչ մարդ էր։ Երկար տարիներ գյուղում աշխատեց կուսակցական կազմակերպության քարտուղար