Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/43

Այս էջը սրբագրված է

Դդմաշենի բնակիչների նախնիները աննշան բացառությամբ, Պարսկաստանի Մակու և Խոյ գավառներից գաղթած հայեր են։ Դդմաշենն իր հին և արդեն ներկայիս անվամբ վաղուց անտի գոյություն ուներ անշուշտ, երբ մեր նախնիները հայտնվեցին Սևանի ավազանում, Հրազդան գետի աջ ափին, երբեմնի երկինք խոյացած, իսկ հետագայում կիստվեր Ս. Թադևոսի փլատակների շուրջը։

3. Տ.ՌԱՇՄԱՋՅԱՆ

1909թ. Երևանի թեմական դպրոցի տեսուչ Տ. Ռաշմաճյանի դպրոցին վերաբերող զեկուցագրում կարդում ենք. «Դպրոցի շենքը վարձու է, վերին աստիճանի հակաառողջապահիկ է, բայց առայժմ, բարելավելու հիմքեր չկան։ Գյուղն զբաղված է հնություն կազմող եկեղեցու նորոգությամբ, մինչև այդ չվերջացնեն, դպրոցական շենքի ու նրա ապահովության մասին չեն կարող մտածել, հույս ունեն այս տարի ավարտել»։

Դժվար է հավատալ, որ 20-րդ դարի սկզբին իմ հայրենի գյուղի բնակիչները ի վիճակի են եղել իրագործելու մի այնպիսի հանդուգն ձեռնարկ, ինչպիսին Ս. Թադևոսի երկինք խոյացած գմբեթի վերակառուցումն է։ Փաստ, որ խոսում է դդմաշենցի քարագործ վարպետների և համայնքի հոգևոր բարձր պահվածքի մասին։