Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/432

Այս էջը սրբագրված է

օգնությամբ։ Կինը մահանում է 41 տարեկան հասակում, որդուն թողնելով քրոջ՝ Վարդուհու խնամքին։

1956 թվականին հոր արդարացման թուղթը ձեռքին որդին՝ Մարտունը, մեկնում է Թբիլիսի, հետաքրքրվելու հոր ճակատագրով։ ՊԱԿ-ի մարմիններից տեղեկանում է, որ հայրը գնդակահարված է և թաղված Տղվիբուլի ածխահանքի ընդհանուր գերեզմանոցում։

ԹՆԴԱՆՈԹԱՁԻԳ ՌՈՒԲԵՆԸ

Հայ թնդանոթաձիգների համբավն հայտնի է դեռ միջնադարից, երբ նոր միայն հրազենը գործածության մեջ է մտել։ Առաջին համաշխարհային պատերազմում ևս հայ հրետանավորները քաջի համբավ ձեռք բերին։ Դդմաշենից ցարական բանակ զորակոչվեց 18 մարդ։ Չնայած Հայաստանի ծանր վիճակին, նրանց մեծ մասին տեղափոխեցին ռուս–գերմանական ճակատ։ Ռուբեն Խոյեցյանին բախտ վիճակվեց կռվել մայր հայրենիքի պաշտպանության համար։ Նա կռվում էր ռուսական զորամասի կազմում։ Ծանր օրեր էին։ Զորամասը մարտեր էր վարում Վանի ուղղությամբ։ Թուրքերը համալրում ստանալով, ճնշում են գործադրում ռուսների վրա։ Սկսվում է նահանջը։ Ռուբենը ինչ-ինչ ճանապարհներով տեղեկացել է, որ մոտակայքում հայ գաղթականներ կան, որոնք փորձում են միանալ ռուսական զորամասին և նրա աջակցությամբ անցնել Արևելյան Հայաստան։ Ռուսների նահանջը կարող էր կործանել սովահար գաղթականներին։

— Եղբայրներ, մի նահանջեք,— գոռում էր զինվորների ետևից։ Լսող չեղավ։ Մի կերպ հասցրեց վերքը կապել։ Նայեց մարտկոցին։ Դաշտում մնացել էին յոթ թնդանոթ, արկերով ու մի վիրավոր զինվոր։ Թշնամին զգույշ, անշտապ սողում էր առաջ։ Վիրավոր ոտքը քարշ տալով, Ռուբենը մոտեցավ առաջին թնդանոթին, լիցքավորեց, ապա՝ երկրորդը, երրորդը... յոթերորդը։ Թշնամին կռահում է, որ ռուսական դիրքերը թափուր են։ Ոտքի է կանգնում ու աղմուկով գրոհում մարտկոցի ուղղությամբ։ Մեկը մյուսի ետևից «խոսում են» թնդանոթները։ Երկրորդ անգամ է լիցքավորում։ Գրոհը կասեցվում է։ Թուրքական բանակը նահանջում է։ Ռուսները վերադառնում են դիրքերը։

Վիրավոր Ռուբենին պարգևատրում են Գեորգևյան խաչով։ Բայց ի՞նչ պարգև կարող էր համազորվել նրա ուրախությանը, երբ հետախույզներն հայտնում են, որ գաղթականները մոտենում են զորամասին։ Բուժման նպատակով Ռուբենին ուղարկում են Մոսկվա։ Ճանապարհին մահանում է։