Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/435

Այս էջը սրբագրված է

Ինքնասիրությանս վիրավորվեց։ Առանց հետաձգելու, հարց ու փորձ արի, տեղեկացա, որ քուրքը կտրել է Մաքրավանքցի Աղալոն։ Ձեռք բերեցի 13-14 բրդոտ մորթի, հասցրի Աղալոյին։ Խնդրեցի այնպիսի քուրք կտրել, որ ոչնչով չտարբերվի Կնյազի քուրքից։ Քուրքը պատրաստ էր։ Կնյազավարի գցեցի ուսերիս, գնացի գյուղամեջ. Աննկատ մոտեցա նրան, աջ ուսով հրեցի։ Թեքվեց դեպի իմ կողմը։ Ասացի՝ «Քավոր, Կնյազ, քուրքը կտրել եմ տվել, որ քոնի հետ փոխենք»։ Շուռ եկավ դեպի ինձ և ասաց. «Ամոթ է, ամոթ, մի խոսք եմ ասել, դրա համար այդքան ծախս ես արել։ Ուզում ես իմ մեռնելուց հետո պատմություն սարքես»։ Պատասխանեցի. «Քավոր ջան, քուրքը փոխես էլ, չփոխես էլ, պատմություն կսարքեմ»։ Չփոխեց։ Մոտ քառասուն տարի քուրքը օգտագործեց ավագ եղբայրս՝ Հայկը։ Այժմ այն կախված է մեր հացատան սյունից։ Ամեն անգամ նայելիս հիշում եմ բարձր արժանապատվությամբ իր կյանքը ապրած Կնյազին։

ԳԵՂԱՄ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Երկար տարիներ գյուղի նամակատարն էր։ Պատերազմի տարիներին համագյուղացիներին ուրախացնում էր եռանկյունի նամակներ հանձնելով։ Իսկ եթե «սև թուղթ» էին ուղարկում, զինկոմիսարիատից չէր ստանում։ Գյուղի հասարակությունը հարգում էր նրան։ Սիրված ապրեց, սիրով էլ հիշվում է։

ԳՈՒՐԳԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

1937-ին բռնադատված համագյուղացի Մացակ Վարդանյանի ծոռը, Կամիսարի թոռը, Վահրամի որդին է, երևանաբնակ Գուրգենը։ Ծնվել է 1957-ին։ 1974-ին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Մարտիրոս Սարյանի անվան թիվ 86 միջնակարգ դպրոցը և աշխատանքի անցել «Հայգորգ» միավորման մանվածքային ֆաբրիկայում, այնուհետև զորակոչվել է բանակ։ 1974-1975 թվականներին ծառայել է նախկին Խորհրդային Միության զինված ուժերի շարքերում՝ Մոնղոլիայում։ Զորացրվելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, ուսանողական տարիներին եղել է ՀամԼԿԵՄ դափնեկիր։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում որպես ավագ լաբորանտ, կրտսեր գիտաշխատող։ Այժմ նույն ինստիտուտի փոխտնօրենն է։