Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/436

Այս էջը սրբագրված է

ՀՈՎԻՎ ՋԻՎԱՆԸ

Ջիվան Ավագյանն ապրեց մինչև խոր ծերություն։ Երիտասարդ տարիներին մի թևը կորցրել էր սխալ բուժման պատճառով։ 9-10 տարեկանից աշխատել էր գառնարած։ Աննկարագրելի բարի մարդ էր, սակավախոս, ժպտադեմ։ 1965-ին նրան հրավիրում են աշխատանքի որպես կոլտնտեսության հովիվ։ Հրաժարվում է.

— Չէ, չեմ գա։ Ես հասարակության հովիվն եմ։

Ջիվանի հարազատներից մեկը, գյուղի զոոտեխնիկ Հայրապետ Հայրապետյանը կանգնում էր նախրատեղում ու երբ Ջիվանը հայտնվում էր, բարձրաձայն կանչում էր.

— Թող գտնվի մի մարդ, ասի, որ Ջիվանը կաթ չի ուտում, մածուն է ուտում։ Փահ... այն էլ Ջիվանը... Ո՞ւմ ոչխարը չի կթել.... Վահ, Ջիվան, դու այտե՞ղ ես... մարդ աստծո, ե՞րբ ես տանը մնալու, քեզ հետ գործ ունեմ...

— Շատ մի խոսիր... գիտեմ ինչ գործ ունես։

— Հա, ճիշտ ես կռահել, նստենք հաշվենք, թե այս 20-30 տարում քանի՞ փութ կաթ ես կերել...

— Հա, կերել եմ... փթերով, տոննաներով կերել եմ... բայց դու հաշվե՞լ ես, թե գնացող-եկողին որքա՞ն եմ հյուրասիրել։ Դու էլ քիչ չես կերել... բա՜...

Մարդիկ լսում էին կատակը, ուրախանում։

— Հալալ է Ջիվանին... մեր ախպերն է...

Օրերն անցան։ ժամանակը չխնայեց նաև Ջիվանին։ Նրա բարի անունը մնաց։

ՂԱԶԱՐՅԱՆ ԲԵԳԼԱՐ ԿԱՐԱՊԵՏԻ

(Ֆառուխեցի «Ղաչաղ» Բեգոն)

Ֆառուխի Թեգո, Ղաչաղ Բեգո. այս անուններով էին կոչում և ճանաչում այդ համարձակ, աշխատասեր մարդուն։ Ինչո՛ւ էին անվանում ղաչաղ, որտեղի՞ց էր ստացել այս անունը. Բեգոյի հայրը ծանոթություն ուներ Բջնի գյուղի բնակիչների հետ։ Այդ ծանոթությունը շարունակվում էր որդու կողմից։ Քավոր, սանահեր էին Բջնի գյուղի բնակիչներ Հարություն