Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/44

Այս էջը սրբագրված է

ՆԵՐԳԱՂԹ

1826–1828թթ. ռուս-պարսկական և 1828–1829թթ. ռուս-թուրքական պատերազմներն ավարտվեցին Ռուսաստանի հաղթանակով, Պարսկաստանի ու Թուրքիայի պարտությամբ։ Ռուսական զորքի հաղթանակի գործում խիստ կարևոր ու նշանակալի էր հայ ժողովրդի մասնակցությունն ու հավատարմությունը Ռուսաստանին։ Ահա թե ինչ է գրում գեներալ Պասկևիչը թագավորին հասցեագրված պաշտոնական նամակում. «Այս ժողովրդի անսահման նվիրվածությունը, ռուսական զենքի հաջողության համար պատերազմի ընթացքում, բազմիցս փորձով ցույց տված եռանդը արժանի է, որ կարեկից լինենք և պաշտպանենք նրան ապագայում մահմեդականների հալածանքներից ու վրեժխնդրությունից» (Վ․Ս․Պարսամյան, Շ.Ռ.Հարությունյան «Հայ ժողովրդի պատմություն, 1979թ., էջ 52)։

1828թ. փետրվարի 7-ին Պարսկաստանի Թուրքմենչայ գյուղում և 1929թ. սեպտեմբերի 2-ին Թուրքիայի Ադրինապոլիս քաղաքում կնքվում են հաշտության պայմանագրեր։ Պայմանագրերի համաձայն հայ ժողովուրդը մեկընդմիշտ փրկվում է պարսկական և թուրքական խաների ու բեգերի ծանր լծից։

Սկսվում է հայերի մասսայական գաղթը դեպի Արևելյան Հայաստան։ Իրանի Մակու, թուրքական Դիադին ու Բայազետի գավառներից 468 շնչից բաղկացած հայ գաղթականների քարավանը, յոթանասունյոթ ընտանիք շարժվում է դեպի Երևան։ Երևանում մի քանի օր հանգստանալուց հետո՝ քարավանի ղեկավար ու գաղթի կազմակերպիչ, տանուտեր Օհան Միրզոևը, մի քանի երիտասարդների հետ ոտքով, Հրազդան գետի ափով, բարձրանում է վեր՝ հարմար բնակավայր գտնելու համար։ Նրանցից մեկը՝ Մելիք անունով, մնում է Ռնդամալ գյուղում, մյուսները գալիս հասնում են մինչև Դդմաշեն։ Գյուղի դիրքը և մանավանդ դիմացի բլրի լանջին վեր խոյացած եկեղեցին հրապուրում են նրանց և եկվորները որոշում են բնակություն հաստատել այս գյուղում։ Օրեր անց քարավանը տեղ է հասնում, և եկվորները հաստատվում են նոր բնակավայրում։