Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/440

Այս էջը սրբագրված է

ԴԺՎԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՐԴԻԿ

ՔԱՐԱԳՈՐԾԻ ՈՐԴԻՆ՝ ԴԱՎԻԹԸ

Դուք տեսե՞լ եք, թե ինչպես են մանրատում վիթխարի ժայռաբեկորը։ Պղնձակոփ բազալտը տրաքվում է ու մի պահ տարածվում է քարի հոտը։ Այդ հոտը ծանոթ է քարագործին՝ Թորգոմին։

— Էյ, դդմաշենցի, այդպես մի խփի, քարը մեղք է, — կանչում էին քարհատ ընկերները։

— Դդմաշենցին բազալտը դդումի պես կտրում է...

Դա ճիշտ էր։ Ուժեղ մարդ էր Թորգոմը։ Սակայն դժվար էր հաց հասցնում մեծ գերդաստանին։ Յոթ զավակ։ Պատերազմից հետո տեղափոխվեց Երևան, Մարաշ թաղամասում տուն կառուցեց։ Զավակներն իր նման արդար ու աշխատասեր մեծացան։

Զավակներից մեկը՝ Դավիթը, խորհրդային բանակում ծառայելուց հետո ընդունվեց Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ավարտեց։ 1992-ին աշխատանքի անցավ ներքին գործերի նախարարության պետական ավտոտեսչության համակարգում։ 1992-ից Երևան քաղաքի պետավտոտեսչության բաժնի պետի տեղակալ է, ՆԳ ծառայության մայոր։

Նրա մեջ ապրում է հոր՝ Թորգոմի արդարամտությունն ու զայրույթը։ Երբ օրինազանց վարորդը իրեն ամբարտավան է պահում, նա մտովի հրամայում է ինքն իրեն. «Դդմաշենցի, դիմացիր, դու օրենքի մարդ ես»։

Բարեխիղճ աշխատող է Դավիթը։ Սիրում է իր գործը։ Սակայն ամենից ավելի հպարտանում է հոր անունով.

— Հորս անունը ինձ համար պատվանուն է։

Հիրավի՜, իրավացի էր Թորգոմը, երբ ասում էր.

— Ի վերուստ պարգևատրվել եմ յոթ շքանշանով։ Ամեն որդիս մի շքանշան է։ Դավիթը այժմ Աբովյանի կանանց և անչափահասների գաղութի պետի տեղակալն է։