Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/446

Այս էջը սրբագրված է

չթողնելով, Սուրենը մի զինվորի հետ, գնդացիրը ձեռքին ներս է մտնում և հրամայում.

— Անձնատուր եղեք, այլապես...

Գերմանացիները, թվով տասնյոթ հոգի, անձնատուր են լինում։ 1943 թվականի ապրիլի 13-ին «Խորհրդային Հայաստան» թերթում տպագրված հոդվածում կարդում ենք. «Հայրենիքի համար մղված պայքարում Դավթյանն աճեց։ 1941-ի օգոստոսին նրան նշանակեցին ջոկի հրամանատար, իսկ այժմ նա արդեն գումարտակի հրամանատար է»։ Նույն այդ հոդվածում էլ հանգամանորեն խոսվում է Դավթյանի սխրագործությունների մասին։ Ահա, թե ինչ է գրված դիվիզիայի մարտական թերթում. «Ընկեր մարտիկներ և հրամանատարներ, խփեցեք ֆաշիստներին այնպես անվախ ու հմուտ, ինչպես կապիտան Սուրեն Դավթյանը»։ Հոդվածի վերջում էլ կոչ է արված. «Ընկեր մարտիկներ, քաջություն ու արիություն սովորեցեք մեր դիվիզիայի հերոս Սուրեն Իսրայելի Դավթյանից...»։

Իր բաժին կռիվը Դավթյանն ավարտում է 1943-ի փետրվարի 1Օ–ին, երբ ծանր վիրավորվում և տեղափոխվում է հոսպիտալ։

Անցնում են տարիներ, տասնյակ տարիներ։ Եվ միայն 36 տարի հետո, այն էլ «Սևան» շրջանային թերթի խմբագրությանն հասցեագրված Լիտվական ԽՍՀ վաստակավոր ուսուցիչ, մայոր Պ. Ֆրոլովի նամակից ենք տեղեկանում, որ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1944թ. հունիսի 4-ի հրամանագրով Ս.Ի.Դավթյանը պարգևատրվել է Լենինի շքանշանով։

ՇԵՂԱՆ ԲԱԼԱԲԵԿԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Ծնվել է 1916 թվականին։ Վաղ հասակից զրկվելով ծնողներից, կրտսեր եղբոր հետ գտնվել է հորեղբոր խնամքի տակ։ Ավարտելով Երևանի Տ. Մուշեղյանի անվան մանկավարժական ուսումնարանը, աշխատել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ։

1941-ին զորակոչվեց, սովորեց ռազմական ուսումնարանում և լեյտենանտի կոչումով որպես դասակի հրամանատար, ծառայեց Հայկական դիվիզիայում։ 1942-ի օգոստոսի վերջերին դիվիզիան մասնակցեց Մոզդոկ քաղաքի պաշտպանությանը։ Հոկտեմբեր ամսին ծանր վիրավոր սպան գերվեց ֆաշիստների կողմից։ Երեք-չորս ամիս թշնամու ճամբարներում անասելի տանջանքներ կրելուց հետո, մի կերպ փախչում է։ Ձմռան սառնամանիքներին հասնում է Կրասնոդար, ներկայանում զինվորական կոմիսարիատ։ Կրկին մեկնում է ռազմաճակատ։