Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/450

Այս էջը սրբագրված է

ԼԻԱՏՈՐ ՎԱՐԴԱՆԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Բանակ է մեկնել 1938-ին։ Ծառայել է Բելոռուսական Օսիպովիչ քաղաքում տեղակայված 126-րդ հեծյալ գնդում, համագյուղացիներ Վարդան Մակարյանի, Գարեգին Մարտիրոսյանի և Սուրեն Ներսիսյանի հետ։ 1940 թվականին տեղափոխվում է սահմանամերձ Կլինցի քաղաքի 1118-րդ ծանր հրետանային բրիգադի 364-րդ գվարդիական կարմրադրոշ գունդ։ Պատերազմի սկզբից մինչև 1942 թվականը ավագի կոչումով ծառայել է նույն զորամասում։ 1945-ին մասնակցել է Բեռլինի գրավմանը։ Այն զորամասը, որտեղ ծառայել է Լ. Ներսիսյանը, 1945-ի մայիսի 3-ին պետք է դուրս գար էլբա գետի ափին գտնվող Ռատենով քաղաքը (Բեռլինից 75 կմ դեպի արևմուտք) դաշնակիցների զորքերին դիմավորելու։ Զինամթերքի պակասի պատճառով զորամասի առաջխաղացումը դադարեցվում է։ Չնայած պատերազմի ավարտն էր, բայց թշնամու կրակակետերից դեռ լսվում էին վերջին կրակոցները։ Լ. Ներսիսյանին հանձնարարվում է անտառում հրամանատարական կազմի համար ճաշարան պատրաստել։ Առաջադրանքը կատարելիս, նշանառուի գնդակից վիրավորվում է։ Մոտ երկու ամիս բուժվելուց հետո, մեկնում է զորամաս, որտեղից զորացվում է։ Լ. Վարդանյանի մոտ, այդ դժվար օրերից, պահպանվում են երկու տասնյակից ավելի շքանշաններ, մեդալներ ու շնորհակալագրեր։

ԱՆԴՐԱՆԻԿ ՍԻՐԱԿԱՆԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԵՎ ԱԼԵՔ ԱՐՍԵՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

Անբաժան ընկերներ էին, հասկակիցներ, ճակատագրի բերումով նաև բախտակիցներ։ Պատերազմի չորրորդ-հինգերորդ ամիսն էր։ Հայկական հեծյալ գունդը շարժվեց Կազբեկի լեռնանցքով։ Անդրանիկն ու Ալեքը միասին էին։ Շաբաթներ անց նրանց տեղափոխում են Տուափսե, այնտեղից էլ՝ Կերչ։ Մարտ ամսին Անդրանիկը վիրավոր վիճակում գերի է ընկնում։ Նույն, օրերին գերվում է նաև Ալեք Անտոնյանը։ Նրանց տեղափոխում են Լեհաստան՝ Լյուբլին քաղաքի համակենտրոնացման ճամբարը։ Այստեղ նրանք հանդիպում են համագյուղացիներ Ասլանյան Վորոնցովին, Ասլանյան Կոլյային, Ավետիսյան Բագրատին, Վարդանյան Թաղոյին։ Անդրանիկին ու Ալեքին հաջողվում է փախչել ճամբարից, միանալ ֆրանսիական պարտիզանական ջոկատին։ Կռվում են մինչև պատերազմի հաղթական ավարտը։