Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/454

Այս էջը սրբագրված է

սուտ են, բայց գեղեցիկ են։ Գեղեցիկ սուտն էլ է մարդկանց հարկավոր»։ Հազար ցավ ու վիշտ, գերություն ճաշակած մարդ էր Ալեքսանը, սակայն շարունակում էր զավեշտական պատմություններ հորինել։

Մի օր համագյուղացի Գագիկ Սարգսյանի հետ Ալեքսանն իջնում է Ալափափախից։ Նկատում են, որ Մխեի Սարոյի դեզն այրվում է։ Ալեքսանը դիմում է Գագիկին.

— Գագո ջան, Գագո, հավար գցի, որ Խաշոյի դեզը վառվում է։ Ես ձեն տամ, չեն հավատա։

Տղան՝ Վանիկը, Սոչիից ահագին պնդուկ է բերում։ Ալեքսանը կանաչ պատյանով պնդուկը գրպանը լցրած դուրս է գալիս գյուղամեջ։ Տեսնելով մի խումբ հասակակիցների, ոգևորված պատմում է.

— Տղերք, անցյալ տարի մի քանի ճյուղ էս ծառից տնկեցի։ Տարի չանցած, տեսեք ի՞նչ բերք եմ ստացել։ Ուտում ենք, ուտում, չի վերջանում։ Չեք հավատում, էթանք տուն ձեր աչքով տեսեք։

Գնում են և պարզվում է, որ Ալեքսանն իր դերի մեջ է եղել, ինչ պնդուկ, ինչ բան։ Հյուրերին հաց ու ջրով պատվում, ճանապարհում է։

Մի օր գյուղամիջում մարդկանց ներկայությամբ դիմելով Ավետիսին, մտահոգ, բայց հանդիմանական սանով ասում է.

— Ախպեր Ավետիս, բա դու ըսկի խիղճ չունե՞ս։ Ոնց ես տեր կանգնել մեր հորթին։

— Ի՞նչ հորթ, Ալեքսան։

— Այ տղա, մեր հորթն էրեկ ընկել էր մեր ջրհորը։ Ասում են էսօր ձեր ջրհորում է։ Տեսնողներ են եղել։ Գնանք հանենք։

Ավետիսը երդում է ուտում, որ նման բան չկա... հավաքվածները ծիծաղում են։ Ավետիսը ձևանոմ է, թե հավատում է։ Սպասում են նոր սրամտության։ Իսկ Ալեքսանի սրամտությունները վերջ չունեն։