Դդմաշենի տարածքում, խճուղու եզրին, շինարարները պատրաստեցին հերթական ռուսական «դոմիկը»։
Գյուղից Երևան կամ Սևան մեկնող քաղաքացիները հասնում էին «դոմիկ», այնտեղ ժամերով, իսկ երբեմն մեկ-երկու օր սպասում էին, մինչև որևէ բեռնատար էր անցնում։
1967-ին սկսվեց Երևան-Սևան նոր մայրուղու կառուցումը։ Քանդեցին ժողովրդին հարազատ դարձած, կաղնու ամուր փայտով ծածկված տնակը։
ՄԵՐ ԳՅՈՒՂԻ ԱՐՀԵՍՏԱՎՈՐՆԵՐԸ
Մեր գյուղում հմուտ, բազմաշնորհ մարդիկ շատ կային ու կան։
Շատերը տիրապտում էին դարբնի արհեստին, զինագործությանը, ջուլհակությանը, անագագործությանը, փայտամշակմանը։ Քիչ թիվ չէին կազմում որմնադիրներն ու քարհատները։ Գաղթից ու եղեռնից փրկված Միսակն ու Վանիկը (բարեկամներ էին) տարիներ շարունակ աշխատում էին դարբնոցում։ Նրանց հետևեց Քոչոյ Ավեն (Ավետիս Քոչարյան), իսկ վերջինիս հետևեցին Մամիկոն Խաչատրյանը, Սիմոն Նազարյանը, Երինեյ Գեորգին, դարբին Ավետիսի որդին՝ Սուրեն Քոչարյանը։ Դարբնոցի էին վերածել Անդրանիկ Ավետիսյանի մարագը։ Նախկինում այդ դարբնոցում էր աշխատել Չկալովկա գյուղից ընտանիքով տեղափոխված, ազգությամբ ռուս Իլյա Նովիկովը։ Կոլտնտեսության տարիներին դարբնոց հիմնվեց նաև եկեղեցու բակում։ Նույն տարածքում հայտնվեց գյուղի փայտամշակման արհեստանոցը։ Մինչև իր կյանքի վերջը գյուղի դարբինը Մամիկոն Խաչատրյանն էր, որից դարբնություն սովորեց Սարգիս Խաչատրյանը, եղբայրներ Վոլոդյա և Սարիբեկ Սիմոնյանները: Ներկայումս գյուղում դարբին են. աշխատում Մամիկոնի որդիները՝ Վազգենն ու Հայկը։
Մինչև պատերազմը գյուղում պայտառ էին աշխատում Մանուկ Ներսիսյանը, Ստեփան Մելքոնյանը, Մկրտիչ Մինասյանը (վերջինս տիրապետում էր մի քանի արհեստի)։ Ետպատերազմյան տարիներին երևան եկավ անագագործությանը (կոլտնտեսչությունը)։ Անագագործ շատ արհեստավորներ արտագնա աշխատանքի էին մեկնում շրջանի մյուս գյուղերը։
Հմուտ անագագործներ էին Մաթեյ Արիստակը, Ավետիք Գրիգորյանը, Ցոլակ, Իզմիր, Խաչատուր Սարգսյանները, Խաչատուր Տեր-Սալոմոնյանը, Հովհաննես Վարդանյանը։ Պղնձյա ամանների արտադրության