(Բալիկի Արշակը)։ Հորինվել է մի այսպիսի զավեշտական պատմություն․ գյուղացիներից մեկը շնչակտուր գալիս է Արշակի մոտ, խնդրում, որ նա շտապ սրի իր դաշույնը։ Արշակը դիմում է կնոջը.
— Նուշո, իմ դաշույնը բեր տուր էդ տղին, որ պարապ չմնա, մինչև իրենը վերանորոգեմ...
Վարպետ Արշակը պատրաստում էր ոչ միայն դաշույն, դաշույնի պատյան, այլև՝ դանակ, գդալ, շերեփ, աղաման։ Քանդակում էր փայտյա, արծաթյա նուրբ խաչեր, կենցաղային այլ իրեր։
Բարձր համբավի տեր էին նաև մեր գյուղի երաժիշտները, դուդուկահար, զուռնա, շվի նվագող Բրսոյ Ենոքը, սրնգահարներ Մայլի Թաթոն, Ավետիսը, Ֆրանկի Արմենակը, Ղզրոյի Արտոն, Հեքոյի Բալոն, Հարոյ Հայրոն, Եգոր Յախանյանը, դհոլչիներ Բալիկի Հովհաննեսը, Հովեյ Վաչեն, նվագողներ Հովեյ Ավետիսը, Խուրշուդը, ակարդիոնիստ Հովեյ Թոլիկը (դհոլչի Վաչեի տղան), որը կարճ ժամանակով զբաղվեց նաև լարախաղացությամբ։ Նվագում էր նաև Քյարամի Երվանդի տղա Ժորա Մանուկյանը։
Գյուղի առաջին վարսավիրները եղել են Սահակի Մուսեսը, Տերտերի Դավիթը, Թազոյի Շարբաթը, Իսպոյ Համոն, Շարթեշու Ենոքը։
Մի փոքր դեպք Սահակի Մուսեսից։ Ոտքով գնացել է Բայազետ՝ գավառապետին սափրելու։ Վերջինս մեծ հարկեր է պահանջում գյուղացիներից։ Դդմաշենցիներին էլ քիչ նեղություն չէր պատճառել։ Սափրելուց հետո Մուսեսն ածելին դնում է գավառապետի կոկորդին, թե վիզդ կտրում եմ։ Գավառապետն ասում է. «Մուսո ջան, ես իմ գլուխը վստահել եմ քեզ, կուզես կտրի, կուզես՝ թող»։
— Քո գլուխը թանգ եմ գնահատում, բայց տես, հարկերի տակից դուրս գալ չի լինում։ Արի դդմաշենցիներին հանգիստ թող։ Միտդ բեր, որ մենք էլ հանաք անել գիտենք։