Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/462

Այս էջը սրբագրված է

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1908- 1909 ուսումնական տարում գյուղում բացվել է եկեղեցական ծխական դպրոց։ Այնտեղ սովորել են 56 երեխա, որոնցից վեցը՝ աղջիկներ։ Նորաբաց դպրոցում ուսուցիչ է աշխատել ճեմարանավարտ Վաղարշակ Տեր-Խաչատրյանը։ Գյուղը մտել է Ծաղկաձորի շրջանի տարածքի մեջ։ Ուսուցիչն ունեցել է երեք տարվա փորձառություն, ստացել 325 ռ. աշխատավարձ (ամիսը), շաբաթական ժամերի թիվը՝ 24։ Մեկ տարի անց Տեր֊Խաչատրյանին փոխարինելու է եկել Վռամշապուհ Զաքարբաբայանը։ Նա ունեցել է մեկ տարվա աշխատանքային փորձառություն, ավարտել է Երևանի թեմական դպրոցը։ Դպրոցը գործել է մի վարձու սենյակում։ Աշակերտների թիվը մեկով ավելացել է։ Նոր աշակերտը եղել է հարևան Ֆառուխ գյուղից։

1909- 1910, 1910-1911 ուսումնական տարիներում աշխատել են երկու ուսուցիչ՝ Վռամշապուհ Զաքարբաբայանը և Արամ Տեր-Հարությունյանցը։ Դպրոցն աշխատել է 134 օր։ Ավագ ուսուցիչ Հարությունյանցը ստացել է 300 ռ. աշխատավարձ։ Շենքի վարձը կազմել է 24 ռ.։ Ծառաներին վճարել են 4 ռ.։ Թեմական դպրոցի տեսուչը մեկ անգամ է այցելել դպրոց։ Այդ ուսումնական տարիներին գյուղը պատկանել է Ծաղկաձորի շրջանին։ Աշակերտներից երկուսի ծնողները եղել են վաճառական, երկուսի ծնողները՝ հոգևորական, մնացած աշակերտների ծնողները եղել են երկրագործ։

Թեմական դպրոցի տեսուչ Տ. Ռաշմաճյանը Նոր Բայազետի գավառի դպրոցների մասին զեկուցագիր է ներկայացնում փոխթեմակալ և թեմական խորհրդի նախագահ գերապատիվ Խորեն եպիսկոպոս Մուրադբեկյանին, Դդմաշենի դպրոցի մասին գրում է. «Առաջին-երրորդ բաժանմունքները միասին են սովորում, գյուղում կա մեկ վարձու դասասենյակ։ Հակաառողջապահիկ է, նյութական աննախանձ վիճակում։ Առայժմ բարելավելու հիմքեր չկան։ Գյուղն զբաղված է հնություն կազմող եկեղեցու նորոգությամբ, մինչև այդ չվերջացնեն, դպրոցական շենքի ու նրա ապահովության մասին չեն կարող մտածել։ Հույս ունեն այս տարի ավարտել»։

1914-1915 ուսումնական տարի - խառը տիպի դպրոց է, ուսուցիչն է Արամ Արամյանը։ Ավարտել է Երևանի թեմական դպրոցը։ Դպրոցում սովորում է 41 աշակերտ, որից 3-ը՝ աղջիկ։

1916 թվականին դպրոցական տեսուչ Թ. Խզմալյանը երկրորդ զեկուցագիրն է ներկայացնում. «Դդմաշենի եկեղեցական ծխական դպրոցը