Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/477

Այս էջը սրբագրված է

Աշխեն Հարությունյանը, Հայրապետ Հայրապետյանը, Հմայակ Բարսեղյանը, Անահիտ Խուդոյանը, Ասյա Ղարիբյանը։ Բոլորն էլ շնորհալի, գրագետ և հեղինակավոր անձնավորություններ են եղել։ 1986-ին, հանդիսավոր պայմաններում մշակույթի պալատը հանձնվեց շահագործման։ Ունի դահլիճ, բեմ, գրադարան, ընթերցասրահ, խաղասենյակներ։ 1972-ից մինչև օրս գրադարանի անփոփոխ տնօրենն է Ֆլորա Գրիգորյանը։ «Գրադարանի աղջիկը», այդպես են անվանում նրան։ Աշխատած երկար տարիների ընթացքում Ֆլորան ապրել է գյուղի, գյուղացու հոգսերով ու ուրախություններով։ Գրադարանը արժանացել է «Հանրապետության լավագույն գրադարանի» կոչման։ 1977-ից գործում է շրջանային գրադարանների կենտրոնական համակարգում։

— Գրադարանի աշխատանքը,— պատմում է Ֆլորան,— պայմանավորված չէ նրանով, թե որքան գրականություն կա, այլ՝ ինչպիսին է ֆոնդը և քանի ընթերցող է օգտվում գրադարանից։ Սխալ չի լինի ասել, որ գյուղի հասարակության մեծ մասը հոգևոր սնունդ է ստացել այդ օջախց։

1972-ին տասնվեց տարվա գրադարանը հանձնվեց տասնվեցամյա Ֆլորային։ Տարիների հետ աճեցին և՜ գրադարանը, և՜ «Գրադարանի աղջիկը»։ 1996-ին նշվեց գրադարանի և նրա տնօրենի ծննդյան 40-ամյակը։ Ֆլորան գյուղի առաջին ջութակահարն է։ Ստացել է միջնակարգ մասնագիտական, ապա՝ բարձրագույն կրթություն։ Բանասեր է։ Տարիների ընթացքում ընտրվել է գյուղական շրջանային խորհրդի պատգամավոր։ Զբաղվել է ու զբաղվում է գյուղի սոցիալ-տնտեսական, կենցաղային, կրթական և այլ հարցերով։ Աշուղ Ջիվթերու ծոռն է։

ԹԱՆԳԱՐԱՆ

Գյուղական կյանքն ու կենցաղը, պատմությունը, անցյալն ու ներկան ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ գյուղական թանգարան։

Թանգարան ստեղծելու նախաձեռնությունը պատկանում է Մագդա Հովհաննիսյանին և Ֆլորա Գրիգորյանին։ Նրանք շրջեցին տնե-տուն, պատմեցին իրենց մտադրության մասին։ Համագյուղացիներն ուրախությամբ ու հոժարությամբ պապենական «թանկ» մասունքները նվիրեցին թանգարանին։ Այսօր, այստեղ կարելի է տեսնել գյուղի անցյալն հիշեցնող, գյուղատնտեսական այնպիսի առարկաներ, որոնք վաղուց ի վեր չեն օգտագործվում։ Թանգարանում կարելի է տեսնել կամն ու արորը,