«Սարգիս, լավ ես երգում, խոսք չունեմ, բայց Ջիվանի լինել չես կարող։ Այսօրվանից ես քեզ կոչում եմ Ջիվթերի՝ Ջիվանա թերի տեսակը։ Բայց թե ինչո՞ւ Ջիվթերին դարձել է Գյուվթարի, այդ մասին գրել է աշուղագետ Շավիղ Գրիգորյանը «Սևան» թերթում։
ԱՇՈՒՂ ՍԵՎԱՆ (ՄԻՐԶԱ ՍԻՄՈՆԻ ԲԱԼԻԿՅԱՆ)
Աշուղ Սևանը ծնվել է 1840-ական թվականներին, Դդմաշենում։ Հայրը՝ Բալիկենց (Բալկենց) Սիմոնը, աղքատ, ռանչպար մարդ էր։ Ուներ երկու տղա (Մկրտիչ, Միրզա) և մեկ աղջիկ՝ Անո (Անահիտ) անունով։
Մկրտիչն աշխատասեր և չարքաշ հողագործ էր։ Ինչպես պատմում է աշուղի թոռը՝ ԳՍտեփանյանը, մի անգամ Մկրտիչը դիմում է եղբորը.
— Միրզա, արի բաժանվենք։ Ես հողից ձեռք չեմ քաշի, դու էլ քո սազից։ Սազդ առ գնա որտեղ ուզում ես, ինչքան ուզում ես «նեյնիմ» ասա։ Բաժանվում են։ Սիմոնի զույգ եզները մնում են Մկրտչին, գոմը բաժին է հասնում Միրզային։ Նա իր հետագա կյանքն անց է կացնում նույն այդ գոմին կից օդայում։
Տեսնելով, որ Միրզան հողի հետ սեր չունի, Սիմոնը որդուն տալիս է Ալեյ Հարթենի՝ Խալֆա Խաչոյի մոտ աշակերտ, որ գոնե Դանիել Մարգարեի թղթերը կարդալ կարողանա։ Խալֆա Խաչոն նաև տիրացու էր և իր սաներին տառաճանաչություն էր սովորեցնում տերթոդիկյան մեթոդով՝ ճիպոտը ձեռքին։
Տեսնելով, որ Միրզան հոգևորական դառնալու ցանկություն չունի, Սիմոնը 1960 թվականին որդուն տալիս է համագյուղացի ճանաչված աշուղ Ջիվթերու մոտ աշակերտ։
Միրզան սագից բացի զուռնա և դուդուկ էր նվագում։ Գյուղի բոլոր հարսանիքներին ինքն էր նվագում, իր որդի Հովհաննեսի (դհոլ) և հորեղբոր որդու՝ Արշակի հետ, որ քյամանչա էր նվագում։ Միրզան նաև բազմաշնորհ արհեստավոր էր՝ քարագործ, հյուսն (սայյլ, արոր էր պատրաստում)։
Միրզայի ընտանիքը մեծ էր՝ 14 շունչ։ Երեք տղա՝ Ջիվանի, Բալի և Հովհաննես, երեք աղջիկ՝ Նանո, Հոռե, Բաղդագյուլ, երկու հարս, թոռներ։ Սևանն ապրում էր սովորական կյանքով, սազը ձեռքին գնում էր շրջագայությունների։ Հատկապես սիրում էր լինել Կոտայքում, մանավանդ Գյամրեզ և Արամուս գյուղերում, որտեղ երգ-երաժշտության շատ սիրահարներ կային։ Քաղցր և հաճելի ձայն ուներ Միրզան։
Սևանի երգերի կույր երկրպագուն Սմբատ Ղարիբյանն էր (դդմաշենցի), որի վկայությամբ Միրզան հրաշալի թուրքերեն գիտեր և հաճախ էր թարք աշուղներին «նեղը» գցում։ Սևանի անունը Ջիվանին էր դրել։