Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/483

Այս էջը սրբագրված է

վշտի մեջ կրկնում էր իր «Ծանր բեռան տակ մնալով» երգը։ Շուտով վրա է հասնում երկրորդ դժբախտությունը։ Աշուղի երկու որդիները՝ Ջիվանը և Բալոն աշխատում էին Բաքվի նավթահանքերում։ Առաջավոր, ակտիվ բանվորներ էին։ Մասնակցում էին բանվորական ցույցերին և գործադուլներին։ Սմբատ Ղարիբյանը պատմում է, որ ինքն ականատես է եղել, թե ինչպես Ջիվանին անձամբ շփվել, զրուցել է Ստ. Շահումյանի հետ։ Եվ ահա, 26 կոմիսարների հաշվեհարդարի ժամանակ կախաղան են բարձրացնում աշուղի զույգ զավակներին։ Այս առիթով է նա հորինել «Ցավերս անհամար, հոգսերս հազար» երգը.


Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/483



Ցավերս անհամար, հոգսերս հազար,

Քաշող անժամանակ ես եմ, ոչ թե դու,

Տիվ գիշեր աշխատող, անօգուտ, իզուր,

Ծոցագրպան դատարկ ես եմ, ոչ թե դու։


Ափսոս իմ բախտս ինձնից հեռացավ,

Կանաչ հագուստի տեղ հագցրեց կտավ,

Իմ տված պարգևը ձեռքիցս առավ,

Տարաբախտ վատ վիճակ ես եմ, ոչ թե դու։


Ծաղկաձորցի Միրզա, աշուղ Սևանի,

Քո մորիցդ չծնվեիր երանի,

Ցավերս թե բառնամ, փիղն էլ չի տանի

Չափազանց բեռան տակ ես եմ, ոչ թե դու։




Աշուղի դուստրը՝ Բաղդագյուլը (բանահավաք, մանկավարժ Գուրգեն Ստեփանյանի մայրը), նույնպես մահանում է ոչ սովորական պայմաններում՝ ծննդաբերության ժամանակ։ Այդ առթիվ է Սևանը հորինում իր «Մտել եմ վշտերիս ցավի սենյակը» բանաստեղծությունը, որի երկրորդ քառյակը, ցավոք, չի պահպանվել։

Դժբախտ աշուղը իր մահկանացուն կնքում է այն օդայում, ուր անցկացրել էր տառապանքներով լի իր կյանքը։

Սևանը տիրապետել է աշուղական արվեստի գաղտնիքներին։ Կան պարեղանակներ, որոնք տարածված են Սևանում և Հրազդանում, կոչվում են՝ «Սևանի», «Միրզայի», «Բաղդագյուլի»։ Դրանք մեր հարգարժան աշուղի ստեղծագործություններն են։


Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/483



Կարծեմ նմանակդ չի ճարվի, երկիր,

Սարդ, քարդ դուրեկան է հայրենիք,

Աղբյուրներդ բազում, ջրերդ ընտիր,

Չի պղտորվի գետդ, հայրենիք։