Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/491

Այս էջը սրբագրված է

1996-ի մայիսի 27-ին, Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, բանասիրական ֆակուլտետի շենքի առջև տեղի ունեցավ խաչքար-հուշարձանի բացումը՝ նվիրված Արցախի ազատագրման համար նահատակված քսաներկու ուսանողների հիշատակին։

Զոհված ազատամարտիկների մայրերի անունից Վարդանի մայրը՝ Զարուհին համբուրելով խաչքարը ասաց. «Ես որդուս փոխարեն եմ խոսում, բայց ցավ չեմ զգում, քանի որ խաչքար-հուշարձանի շուրջ այսօր կանգնած են մեր բանակի տղաները։ Թող մեր հողերը գերությունից տուն գան»։

Համալսարանի ռեկտորատի որոշմամբ այն լսարանը որտեղ սովորել է Վարդանը, կոչվում է Վարդանի անունով։

Աստվածաբանական ֆակուլտետի դեկան Շահեն արքեպիսկոպոս Աճեմյանը իր օրհնանքի խոսքը մաղթեց նահատակ ուսանող ազատամարտիկների հիշատակին։ «Հպարտ ենք, որ մեր շարքերում ունեցել ենք նման ուսանողներ»,— ասաց ԼՂՀ Աժ պատգամավորներից մեկը։ Վարդանը ռազմագետ էր, քաղաքագետ, զինագործ։

Ավտոմատ հրազենը, որով կռվել է Վարդանը, պահվում է մոր՝ Զարուհու մոտ։ Շուշի քաղաքի վարչակազմի պաշտոնաթերթ «Շուշի»–ն 1995-ի մայիսի Լ2–ի թիվ 12-ում գրել է.

«Հաղթանակի եռագույնը հեշտությամբ չփողփողաց Շուշիի վրա։ Կատարվեցին երկար ու ձիգ աշխատանքներ և գործողությունների հատուկ ծրագրավորում, որի մարտական շունչը հաղթական փառքի դափնեբույրով օծեցին Բեկոր Աշոտին, Վաչագան Իշխանյանին, Վարդան Դուշմանին, Արկադի Տեր-Թադևոսյանին և շատ ու շատ այլոց, որոնց անունները պետք է գրվեն հայոց պատմության ոսկե մատյաններում»։

«Ազատության համար պայքարը սուրբ գործ է։ Երանի նրան ով Մասիսը տուն կբերի»։ Սա Վարդանի վերջին խոսքն է։

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՎԱՐԴԱՆԻ ՀԵՏ...

ԿԱՄ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

— Վարդան, Շուշիի կռվից առաջ ինչպիսի՞ն էր զինվորների տրամադրությունը և ի՞նչ եք զգում այսօր, երբ Շուշին ազատագրված է։

— Կռվից առաջ ավելի լավ էր, քան հիմա։ Միշտ էլ այդպես է լինում։ Թվում է, մի տեսակ դատարկված ենք...

— Տղաները ինչպե՞ս էին կռվում։