|
ՍԱՐԳԻՍ
Դդմաշենում նոր սերունդը երևի չի ճանաչում Սարգիս Հովհաննեսի Բադալյանին։ Մինչդեռ նա այս գյուղի հարազատ ծնունդն է, Մեծ Հայրենականում զոհված Սարգիս Հովհաննեսի Բադալյանի թոռը։
Պատերազմից հետո այրի Աքսենիկի համար դժվար էր իր հինգ որբերին մեծացնել։ Ճարահատյալ հեռացավ գյուղից, մեկնեց Չարենցավան։ Այն ժամանակ այստեղ Գյումուշհէկի բանավանի շինարարությունն էր ընթանում։
Բանվորներին լավ էին վարձատրում։
Ընտանիքն ապրեց, զորացավ։ Հետո արդեն սկսեց ճյուղեր արձակել։ Սարգսի որդիներից ավագը պապի անունն էր կրում՝ Հովիկ-Հովհաննես։ Երբ վերջինս արու զավակ ունեցավ, իր հերթին հոր անունով կնքեց՝ Սարգիս։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, Սարգիսը սովորել է Ալմա-Աթայի ՊԱԿ-ի ռազմական դպրոցում։ Սակայն ուսումը կիսատ թողնելով՝ գնացել է բանակ։ 1992-ին մասնակցել է ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին, որտեղ վաղուց կռվում էր հայրը՝ Հովիկ–Հովհաննեսը։