Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/494

Այս էջը սրբագրված է

1993 թվականի մարտի 9-ը ճակատագրական եղավ Սարգսի համար։ Մարտակերտի շրջանի Մանիքլու գյուղի բարձունքները պաշտպանելիս նա վիրավորվեց ձեռքից։ Ընկերները փորձեցին դուրս բերել կրակի գոտուց, չհամաձայնվեց, շարունակեց կռվել։ Կռվեց այնքան, մինչև որ իր հպարտ գլուխը ընդմիշտ դրեց հողին...

Սարգիսը մասնակցել է Կարմիրի, Մարտունու, Նախիջևանի սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական մարտերին։ «Երկիր» օրաթերթը ժամանակին այսպիսի ջերմ տողեր է նվիրել նրան. «Նա հայ զինվոր էր։ Ինչպես հայը քրիստոնյա չէ լոկ, այլ՝ հայ Քրիստոնյա, այնպես էլ հայ զինվորը՝ զինվոր չէ լոկ, այլ՝ Հայ Զինվոր...»

Փա՜ռք քեզ, ազնիվ տղա... Ավարայրի ու Սարդարապատի քաջազունների արժանավոր հետնորդ։

ԿԱՊԻՏԱՆ ԲՈՐԻՍ ՍԱՖԱՐՅԱՆ

...1994-ի ապրիլի 20-ի լուսաբացը սկսվեց թշնամու անսովոր ուժգին հրետանակոծությամբ։ Մեր դիրքերը կորել էին կրակուծուխի մեջ։ Վիճակը տագնապալի էր։ Մարտին ստիպված էին միջամտել նաև հատուկ գնդի վարժական կենտրոնի սպաները։ Նրանց թվում էր դդմաշենցի ավագ լեյտենանտ Բորիս Սաֆարյանը։ Երեսնամյա երևանաբնակ զինվորականը մարտական պատկառելի փորձ ուներ։ Սկսած 1990 թվականի սեպտեմբերից նա պատերազմի ամենաթեժ կետերում էր։ Մասնակցել էր հայկական մի շարք բնակավայրերի ազատագրմանը, ատամները սեղմած դիմացել Շահումյանի անկմանը։