Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/6

Այս էջը սրբագրված է

Բնակավայրի անվանումը — ԴԴՄԱՇԵՆ։

Պետությ՜ունը - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ։

Մարզը - ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ։

Բնակավայրի հիմնադրման տարեթիվը— ՀԱՅՏՆԻ Չէ։

ԻՆՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԲՆԱԿԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

— Տարածաշրջանում հայտնաբերվել են նոր քարե դարի բնակատեղիներ։ Դդմաշենի հողօգտագործման տարածքում է գտնվում «Վրթոյի բուն» կոչված քարայրը, որը ըստ ժողովրդական հավատալիքների, եղել է հնադարյան բնակատեղի։

Դդմաշենից մոտ հինգ հարյուր մետր հեռու, ավագահանքերում հայտնաբերվել են մետաղյա զենքեր, գործիքներ, որոնք վերագրվում են մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներին։ Գտածոները պահպանվում են Սևանի ազգագրական թանգարանում։

Բնակավայրի տարածաշրջանում հայտնաբերվել է դամբարանադաշտ։

«Ավերակներ» կոչվող հանդամասում պահպանվում են կիկլոպյան ամրոցի մնացորդներ, որը վերագրվում է մ. թ. ա. 3-րդ հազարամյակին։ Նույն տարածքում պահպանվել են նաև ավելի ուշ կառուցված տների հետքեր, այդ պատճառով տեղանքը կոչվել է «Ավերակներ»։

Դդմաշենի հարավ-արևելյան եզրին, Հրազդան գետի ձախ ափին, պահպանվում են հնադարյան ամրոցի մնացորդներ, որը զբաղեցնում է 1,5 հեկտար տարածք։ Պահպանվել են հարավ-արևելյան պարիսպները։ Պատերը շարված են անմշակ քարերով։ Ամրոցի տարածքում կան դամբարաններ և գյուղատեղի։ Վերագրվում է մ. թ. ա. 2-րդ հազարամյակին։

ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԴԱՐԵՐՈՒՄ, ՄԻՆՉԵՎ ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻ ԴԻՆԱՍՏԻԱՅԻ ԱՆԿՈՒՄԸ.

— Մովսես Խորենացու վկայությամբ հայոց պետականության 6–րդ դարից (մ. թ. ա.) հիշյալ տարածաշրջանը պատկանել է Վարաժնունիք նախարարական տոհմին։

Վարաժնունիք գավառը հարավից սահմանակից էր Մազազ, արևմուտքից՝ Նիգ, հյուսիսից՝ Գուգարքի Տաշիր ու Արցախի Մեծկուենք գավառներին։ Այսօրվա հասկացողությամբ, ընդգրկվել է Ծաղկաձորից մինչև Կրասնոսելսկի հյուսիսային մասը, ինչպես նաև Աղստև գետի վերին հոսանքն ընկած տարածաշրջանը, մինչև Դիլիջան։