Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/9

Այս էջը սրբագրված է

1991թ. սեպտեմբերի 21-ից հանդիսանում է անկախ Հայաստանի Հանրապետության բնակավայր, Սևանի շրջանում։

1996թ. Հայաստանի Հանրապետությունը 11 մարզի բաժանելու հետևանքով Դդմաշենը մտնում է Գեղարքունիքի մարզի վարչական տարածքի մեջ։

ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԱՆՎԱՆ ԾԱԳՈՒՄԸ ԵՎ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ։ ԳՅՈՒՂԸ ԱՆՎԱՆ Ի՞ՆՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ է ԿՐԵԼ, ՈՐՈՆՔ ԱՐՁԱԳԱՆՔ ԵՆ ԳՏԵԼ ԳՐԱՎՈՐ ԱՂԲՅՈՒՐՆԵՐՈՒՄ

— Ազարիա Սարկավագի ձեռագիր 4155 հիշատակարանում Հայոց ՋԽԳ (943) նոր տոմարով 1494թ. կարդում ենք. «Արդ գրվեց սուրբ ավետարանս ի գեղաւս Դեմդեմաշեն...»։ Տես հիշատակարան գրչի 75ա, 88ա, 137ա, հիշատակարան ծաղկափ՝ 137բ, 225բ։

ԱՆՎԱՆ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ.

— Գյուղը հնուց անտի կիսված է։ Մի կեսը կառուցված է Հրազդան գետի աջ ափին, մյուսը՝ ձախ ափին,դեմ-դիմաց։ Դրանով է բացատրվում Դեմդեմաշեն բարեհունչ անունը։ Գյուղի երկու կեսերը կապ են պահպանել հնադարյան կամրջով, որի մնացորդները մինչև այժմ պահպանվում են։

Կեչառիս վանքի պատին փորագրված վանքին հարկատու գյուղերի թվում հիշատակվում է նաև Դդմաշենը, Դադմաշեն անվանումով։

Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում պահվում է «Սուրբ Հովհաննես» անունը կրող Ավետարան, որտեղ գրիչ Թումայը թողել է հիշատակարան։ Այս հիշատակարանում ևս նշվում է գյուղի անունը՝ Դդմաշեն։ Ձեռագիր 8906, 224ա, 225ա, 225բ։

Դդմաշեն անունը ծագել է Դեմդեմաշեն անվան հնչյունափոխությունից։ Սղվել, զեղչվել է աեաջին «դեմ» վանկի «եմ» հնչյունակապակցությունը և երկրորդ «դեմ» վանկի «ե» հնչյունը, ստացվել է ավելի հեշտ արտասանվող Դդմաշեն անվանումը։

Երվանդ Լալայանը Դդմաշեն անվանը տալիս է հետևյալ բացատրությունը. «... Աստեղ մի ժամանակ շատ դդում է աճել, այդ պատճառով էլ կոչվել է Դդմաշեն»։ Լալայանին հաղորդել են գյուղի անվան շուրջը այն ժամանակ տարածված հնարովի ու պարզունակ բացատրությունը։ Երվանդ Լալայանը գրում է, որ գյուղը կոչվել է նաև Ղարաքեշիշ։ Դա ճիշտ չէ։ Ազարիա Սարկավագից ու Թումայ Գրչից դարեր հետո, երբ մատենագիտության էջերում գյուղի անունը հիմնավորապես ճշտված էր և անընդմեջ բնակության պայմաններում պահպանվել է, երկրորդ անուն որոնելը անիմաստ է։ Չկա որևէ աղբյուր, որը հաստատեր,