Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/108

Այս էջը սրբագրված է

անում։ Նա ասում էր. «Մեզ մոտ եկող հյուրին հարկավոր է զվարճացնել և ուրախացնել որսերով, կերուխումով ու ամեն տեսակ վայելչություններով։ Բայց պետք չէ, որ նա այստեղ մեր երկրում առատ որսի տեղեր տեսնի, որովհետև Պարսից ազգը չարասիրտ, նախանձոտ, չարաբարո, նենգ է, այլ պետք է գտնել որսով ոչ հարուստ տեղեր, որով նրան զվարճացնենք, բայց առատ որս չանենք, որսի մեծ կոտորածներ չանենք ցույցի համար, միայն ձևի համար անենք՝ պարսիկների դառնության և չարության պատճառով։ Ապա հունյաց երկրում Մեծ Մասիսի ստորոտում որս անենք, այնտեղ, որի անունը կոչվում է Աղիորսք քաղաքի։

Շապուհ-Վարազը եկավ հասավ երեք հազար մարդով, ներկայացավ թագավորին Ապահունյաց երկրում և մեծ պատվով նրանից մեծարվեց։ Իսկ այն խոսքերը, որ թագավորը որսի մասին ասաց, անմիջապես Պարսից զորավարի ականջին հասան այն քսու և բանսարկու, այն տիրանենգ ու տիրադրուժ, տիրասպան ու տիրամատնիչ Փիսակի, այն աշխարհավեր մարդու բերանով։

Սակավ օրեր նրանք միասին ուրախություն էին անում, բայց Պարսից իշխանը իր մեջ ունեցած թշնամությունը խորամանկությամբ ծածուկ էր պահում և հարմար առիթի էր սպասում, որ դավը գլուխ բերի։

Դեպքն այնպես բերեց, որ այդ ժամանակները զորավարներն այնտեղ չէին, այլ խռովել հեռացել էին այսպես էլ մյուս ազատանին, մեծամեծ նախարարներն ու ավագ տանուտերերը, նույնպես էլ արքունական զորքերը իրենց տներում, իրենց կացարաններում հանգստանում էին։ Թագավորի մոտ ուրիշ մարդ չէր մնացել, ո՛չ հետևակազոր և ո՛չ այրուձի, բայց միայն սակավաթիվ սպասավորներ, որսորդական շների պահապաններ, ճանապարհների մշակներ, վրանապահ, խառնիճաղանջ զինվորներ և աշխարհազոր։ Այնտեղ էին նաև տիկինը և արքայորդին՝ մանկահասակ Արշակը։ Այսպես, քիչ մարդիկ կային այնտեղ այդ ժամանակ. որովհետև թեպետ տեսնում էր, որ Պարսից զորավարը ուժեղ գնդով է եկել,— որովհետև երեք հազար լավ սպառազինված մարդիկ կային նրա հետ,— բայց չէր զգուշանում ու կասկա-