Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/111

Այս էջը սրբագրված է

նահապետ Արշավիր Կամսարականին։ Սրանք գնացին հասան Հունաց աշխարհը, կայսերական պալատը, հանձնեցին հրովարտակը, բերած նվերները առաջ բերին և թագավորին ներկայացրին ամբողջ ժողովրդի խնդրանքը։ Կայսրը բոլոր հանգամանքները լսելով՝ մեծ փութով ու պատրաստությամբ ձեռնարկեց գործին վերահասու լինելու և թիկունք ու օգնական լինելու Հայոց աշխարհին, մանավանդ որ հիշում էր այն դաշինքը՝ երդումով կնքված ու հաստատված Կոստանդիանոս կայսեր և Տրդատ թագավորի միջև։

Եվ մինչ դեսպանները, որոնք Հայոց աշխարհից կայսերական պալատն էին գնացել, դեռ չէին դարձել իրենց աշխարհը, արևելքի կողմից ինքը՝ Պարսից ներսեհ թագավորը, շարժվեց ու եկավ, որ Հայոց աշխարհը գրավի, այրի, ավերի, ամբողջապես փչացնի և ամբողջ սահմաններով իր երկրին կցի։ Նա եկավ իր բոլոր զորքով, բոլոր աղխով, մեծ կարավանով, բազմաթիվ փղերով, անչափ մթերքներով, բուն մաշկապաճյանով, բոլոր կանանցով և տիկնանց տիկինով եկավ մտավ Հայաստանի սահմանները, ամբողջ աշխարհը բռնեց։ Այս ժամանակ Հայոց նախարարների ազնվական զորքերն իրենց ընտանիքներն առնելով փախչում էին Հունաց կողմերը, գուժում էին (այս լուրր) կայսերական բազմագունդ բանակի նախարարներին։ Հունաց թագավորը երբ այս բոլորը լսեց, ապա ինքն էլ իր զորքը դում արեց և շարժվեց, եկավ Հայոց աշխարհը՝ Պարսից թագավորի դեմ։

Նա բանակը թողեց Սատաղ քաղաքի մոտերը. ինքն ընտրեց հայկական բանակից երկու գլխավոր խելոք մարդ, այսինքն Արշավիրին և Անդովկին, որոնք իբրև պատվիրակներ նրա մոտ էին գնացել առաջ։ Նրանց հետ միասին ինքը կայսրը, շինականի կերպարանքով, իբրև կաղամբավաճառ մտավ Պարսից բանակը, որ այդ ժամանակ գտնվում էր Բասյան գավառում, Ոսխա կոչված գյուղում։ Նրանք մտան Պարսից թագավորի բանակը, դիտեցին, քննեցին, նրանց զորքերի զորության չափն առան և այստեղից դարձան իրենց բանակը։ Կազմակերպվեցին, պատրաստվեցին, վրա հարձակվեցին և գտան Պարսից բանակը նույն տեղում բանակած մեղկ, անհոգ, միամիտ, աներկյուղ խաղաղությամբ։ Ցերե-