Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/113

Այս էջը սրբագրված է

դարձրու Հայոց աշխարհից տարածդ գերիները, Տիրան թագավորով հանդերձ, և առհասարակ ինչ որ այնտեղից առել ես. երբ դու այս անես, ապա ես էլ ետ կդարձնեմ՝ ինչ որ առել եմ. ուրեմն առաջ դու նրանցից առածդ ավարը վերադարձրու, ապա ես քոնը կվերադարձնեմ»։

Պարսից թագավորը երբ այս հրամանը լսեց, իսկույն նրա ասածները կատարեց, կապված Տիրանին բանտից ու կապանքներից արձակեց, քաղցրությամբ խոսեց հետը, թե նրան կրկին կթագավորեցնի և պատվով իր աշխարհը կուղարկի։ Իսկ Տիրանը պատասխանեց, թե «Ինձ կույր տեղովս, անօգուտ, անպատշաճ, նույնիսկ անկարելի է թագավորություն անել. իմ փոխարեն թագավորեցրու իմ որդուն՝ Արշակին»։

Այն ժամանակ (Պարսից թագավորը) նրա Արշակ որդուն թագավորեցնում է Հայոց աշխարհի վրա և թագավորի կանանց ու մյուս բոլոր գերիներին, գանձերով, ընծաներով, ստացվածքներով հանդերձ, առհասարակ գերությունից ետ է դարձնում. իրեն՝ Տիրան թագավորին էլ Պարսից թագավորը մեծ պատրաստությամբ ու պատվով իր երկրից ուղարկեց Հայոց աշխարհը։ Այսպես նա հավատարմությամբ կատարեց Հունաց թագավորի հրամայածները։ Երբ նրանց բոլորին Հայաստան ուղարկեց, ապա Հունաց թագավորի կողմից իր մոտ եկած պատվիրակներին էլ արձակեց, որպեսզի գնան, Հունաց թագավորին պատմեն, թե ինշպե՛ս ինքը կատարեց Հունաց թագավորի հրամանները, որպեսզի Հունաց թագավորն էլ վերադարձնի Պարսից թագավորի գերիներին, որ տարել էր։

Երբ Հունաց թագավորը լսեց, թե Պարսից թագավորը լիովին կատարեց իր տված հրամանները և Հայաստանի գերիներին ու Տիրան թագավորին ազատ արձակեց, գոհացավ, ապա ինքն էլ՝ Հունաց թագավորը, Պարսից թագավորի գերիներին ազատ արձակեց և Պարսից թագավորի կանանց կարգով-սարքով ու մեծ պատվով, բոլոր գերիներին էլ նրանց հետ Հունաց աշխարհից վերադարձրեց Պարսից աշխարհը ու բարեհաջող ուղարկեց իրենց թագավորի մոտ։

Ավարտվեց երրորդ մասը՝ քսանմեկ գլուխ պատմություններ Փավստոս Բուզանդ մեծ ժամանակագիր պատմագրի, որ Հունաց ժամանակագիր էր: