Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/12

Այս էջը սրբագրված է

գավորության բաժանումը կամ մինչև Արշակ (Բ) թագավորը, որ գրել է այդ ժամանակի պատմությունը, որի մեծագույն մասին ականատես է եղել կամ ի մոտո տեղյակ: Սրանից հետևում է, որ Գարագաշյանը նրան համարում է հույն և Պատմությունը՝ հունարեն գրված, որ հետո թարգմանվել է հայերեն: Գարագաշյանը այս ժամանակի պատմությունը գրել է հետևելով Փավստոսին՝ «ինչպես Արիադնյան թելի»: Սակայն այս նախամեծարությունը, որ նա տալիս է Փավստոսին Խորենացու նկատմամբ, նրան չի արգելում անաչառ քննել այս հեղինակին ևս, «մանավանդ որ միամիտ պատմիչն մեր կթողու զինքն տանել հորձանաց յուրո միտմանն ի հրաշալիս՝ և ի կուսակցություն եկեղեցական խմբի, հորմե և ինքն է» (Բ տպ., ճատ. Բ, էջ 2 և 8):

Նորայր Բյուզանդացին («Քննասեր», 1887) Փավստոսի Պատմության մեջ նկատում է երկու իրար հակասող ոգի, մեկը՝ լկտի, զվարճացնող, ծիծաղեցնող, մյուսը՝ բարեպաշտական, լի աղոթքներով, հրաշքներով և այլն: Նրա կարծիքով գրքի հեղինակը հույն Փավստոս Բուզանդն է, աշխարհական, որ գրել է լկտիաբան պատմություն, ապա այս գրվածքը անցել է մի ասորի եկեղեցականի ձեռքը, որ այն համեմել է կրոնաբարեպաշտական մասերով: Փոփոխության ենթարկված ու ընդմիջարկված այս օրինակն է հասել մեր ձեռքը հայերեն թարգմանությամբ: Թարգմանիչն է Կորյունը: «Բուզանդարան պատմութիւնք» կապակցությունից Ն. Բյուզանդացին ենթադրում է, թե «նախնաբար երկու կամ երեք զանազան բյուզանդացի մատենագրաց պատմություններ ամփոփյալ էին ի միում տփի... և օտար ոմն հանած է այս ափեն միայն զԴ, զԴ, զԵ և զՋ դպրությունս»:

Փավստոսի Պատմության առաջին բազմակողմանի քննությունը պատկանում է Ե. Մ.-ին (Եղիշե Մատաթյան): Նա 1890 թվականին Վիեննայում տպագրեց մի գրքույկ՝ «Փավստոս Բյուզանդ» վերնագրով: Նախ նա բերում է այն փաստերը, որոնց հիման վրա բանասերները Պատմության հեղինակին համարել են հույն կամ հայ, և ցույց է տալիս, որ այդ փաստերից ոչ մեկը համոզիչ չէ: Հետո իր կողմից մի նոր մեկնություն է առաջարկում «Ստորոտ ամենայն պատմութեանց» հիշատակարանին (տ. եր. 7), այսինքն՝ «Իմ մասին հաղորդված տեղեկություններից հետո գալիս են տասը գլուխ», և որովհետև Զ դպրությունը 16 գլուխ ունի, իսկ վերջից սկսած տասը գլուխ առաջ, Ե գլխում գրված է «Փավստոս և Զորթ եպիսկոպոսների մասին», Ջ գլխում էլ՝ «Փավստոս եպիսկոպոսի եղբոր՝ Առոստոմի մասին», սրանից Ե. Մ. մակաբերում է. որ Պատմության հեղինակի խոստացած տեղեկությունը իր անձի մասին պետք է փնտրել այս գլուխներում: Իսկ այստեղ Ե գլխում պատմվում է, թե Փավստոսը Ներսես կաթողիկոսի տանը ապրում էր իբրև նրա տասներկու ներքին խորճրդականներից ու գործակիցներից մեկը, իսկ հաջորդ Զ գլխում ասված է, թե Փավստոսը և նրա Առոստոմ եղբայրը «ազգաւ հոռոմ էին»: Սրանով, Ե. Մ.-ի կարծիքով, այլևս առանց որևէ կասկածի լուծվում են հեղինակի ազգության և նրա ապրած ժամանակի կարդինալ հարցերը: Այս հույն հեղինակը՝ Փավստոսը, ժամանակակից և շատ անգամ ականատես է եղել իր պատմած անցքերին: Պատմությունը