Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/134

Այս էջը սրբագրված է

նորոգեն։ Նրանք գնացին հասան Հունաց թագավորների կայսերական պալատը։

Այն ժամանակ Հունաց Վաղես մեծ թագավորը հավատի կողմից մոլորված՝ ընկած էր արիանոսների հերետիկոսության մեջ։ Արդ՝ երբ թագավորը նրանց տեսավ, սկզբում մեծ փառքով ու շքեղությամբ նրանց մեծարեց։ Կայսրը միամոր մի որդի ուներ, իր միակ զավակը, որ ծանր հիվանդությամբ պառկած էր։ Ապա թագավորն ստիպեց Հայոց Ներսես սուրբ կաթողիկոսին, որ երեխայի վրա աղոթք անի. իսկ նա մեջտեղ գալով սկսեց խոսել և ասաց. «Եթե հավատաս, որ տեր Հիսուս քրիստոսը աստծու միածին որդին ու ծնունդն է, նրա ինքնությունից և իսկությունից, հոր որովայնից ծնունդ է և ոչ թե արարած, հորից ծագած, էականի փառքի լույսը, նրա էության նկարագիրը, որ նա նրա բնությունից է, ծնունդն ու որդին, որովհետև ինչպես որ հայրն էր, այնպես էլ որդին նրա բնությունից, բոլոր Ժամանակներից առաջ հորից ծնված, բոլոր արարածների լինելությունից առաջ. սկզբից ի վեր ամեն բանում իր հորը գործակից և արարչակից. որ ամեն ինչ երկնքում և երկրի վրա հորից իջավ նրա միջոցով, որ նա սկզբից ի վեր հոր հետ է եղել բոլոր արարածներին ստեղծելիս. ի բնե, սկզբից ի վեր նրա հետ էր և իր ծնողի տիպն ու կերպարանքը կրում էր. որ աշխարհի սկզբից ի վեր իր խոսքի զորությամբ և իր բնական իշխանությամբ կառավարում է, ուղղություն է տալիս, առաջնորդում է բոլոր արարածներին. որ սկզբից ստեղծեց և երկրի հիմքը գցեց, երկինքը վրանի նման տարածեց (նրա վրա), որի ձեռքերն ստեղծեցին ու հաստատեցին երկրնքի ամբողջ տարածությունը, որ և մարդուն ստեղծեց հողից իբրև բանական, խոսուն, իմաստուն և ազատ կամքով։ Եվ երբ մարդիկ իրենց ազատ կամքով շեղվեցին, արարչին ու նրա պատվիրանները մոռացան, ապա նրա որդին, որ սկզբից ի վեր նստում էր հոր աջ կողմը և իր ծնողի աթոռակիցն էր, երբ տեսավ, որ հայրը արհամարհված է մարդկանցից, շարժվեց, եկավ իջավ աջակողմի աթոռից, փոքրացավ, ամփոփվեց, կույսից մարմնացավ, մարդացավ, ինքն իրեն նվաստացրեց, մարդ դարձավ, իր կամքով վըշ-